Լինում են, չեն լինում մի խումբ հրացանավորներ են լինում, որոնք սովոր էին 5 տարի քնել ու հանկարծ արթանանալ և ամեն անգամ նույն երգը երգել: Նրանք մի շատ վատ սովորություն են ունենում... Միշտ պատրաստ էին առանց մեկ վայրկյան անգամ վարանելու տեքստային հրացանով կրակել ում վրա ասես՝ պտտվող մի սևամորթ գեղեցկուհու համար, որին կոչում էին Աթոռ, և կապ չուներ, որ դրանով իրենք իրենց դարձնում էին հլու հնազանդ ծառաներ: Բայց արի ու տես, որ այդ գեղեցկուհին այդքան էլ հասանելի չէր, որովհետև նրա ծնողները, ավելի կոնկրետ՝ հովանավորյալ հայրիկները, հրացանավորների առաջ պայման էին դնում, որ այդ գեղեցկուհուն կկարողանա տիրանալ այն ասպետը, ով, չվախենալով ու չամաչելով իր ազգի, իր քաղաքացիների թուք ու մուրից, տեքստեր կկազմի և կկրակի հայրիկների անդորրը խանգարող մարդկանց վրա: Բայց հովանավորյալ հայրիկները ևս միամիտ չէին, և հաճախ իրենց խոստումները չէին կատարում: Ասպետներին մնում էր միայն հույս տածել, որ այս անգամ հայրիկներն ավելի բարի կգտնվեն, և իրենք վերջապես քաղաքական ամուսնության կհասնեն գեղեցկուհի Աթոռի հետ՝ իրենց քրտնաջան տեքստային կրակոցների համար: Հրացանավորներից ոմանք իրենց ավելի թանկ էին վաճառում, և կարողացան ոչ հստակ ժամանակով քաղաքական անպտուղ ամուսնության մեջ մտնել Աթոռի հետ, ինչի պատճառով էլ Աթոռն ու ամուսինները կան, սակայն հանրօգուտ ոչինչ անել չեն կարողանում, անգամ խելքը գլխին երեխա չի ծնվում: Իսկ մյուս հրացանավորները դեռ ակտիվորեն շարունակում են կրակել՝ օր օրի երկարող տեքստերով, որոնց գնդակները, սակայն, փուչ են ու վաղուց արդեն բացահայտված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել