Անբարոյականությունն այլևս սահման չունի մեր երկրում: Հոգևորականներն ու աղանդավորները բացահայտորեն լծված են նույն գործին՝ նոր աղանդավորական կազմակերպության քարոզին՝ բնականաբար, բարձրաստիճանների թողտվությամբ: Ես ժամանակին պայքարել եմ աղանդավորական կազմակերպությունների դեմ. հետաքննական ֆիլմ եմ նկարահանել, մտել Եհովայի վկաների մեջ, ուսումնասիրել: Ինձ առաջարկեցին նկարահանել երկրորդ ֆիլմը, իսկ ես հրաժարվեցի՝ ոչ միայն սուբյեկտիվ պատճառներից ելնելով, այլև հասկացել էի մի պարզ և բոլորին հայտնի ճշմարտություն. աղանդավորների դեմ ամենաարդյունավետ պայքարի միջոցը լռությունն է և արհամարանքը, ցանկացած այլ մեթոդ կամա թե ակամա գերազանց PR է աղանդավորների համար: Ամենասարսափելին այն է, որ այս մասին գիտի հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր, նաև վեհափառը, բայց արի ու տես, որ մի քանի օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներով ու սոցցանցերով «թրաշով» սքեմավորներն ու կասկածելի ծագման ինչ-որ «ջահելներ» ջանք ու եռանդ չեն խնայում՝ իբր պայքարելու և հակաքարոզելու նոր աղանդավորական կազմակերպությունը, բայց իրականում շատ լավ քարոզելու այն: Տպավորություն է ստեղծվում, որ այդ նոր աղանդավորական կազմակերպությունը վճարել է ոմանց նման գովազդ իրականացնելու համար: Բոլորին է հայտնի՝ ցանկացած հակաքարոզ, միևնույն է, քարոզ է, երբեմն՝ ավելի արդյունավետ: Իսկ ֆեյսբուքյան հանրության մի շարք ներկայացուցիչներ՝ ոմանք չհասկանալով, ոմանք էլ գիտակցաբար, ջուր են լցնում աղանդավորների ջրաղացը խիստ հայրենասիրական, բայց փուչ ելույթներով: Ուզում եք պայքարել՝ լռե՛ք և արհամարհե՛ք և զե՛րծ պահեք մարդկանց գայթակղությունից: Մի խորհուրդ էլ հոգով ռուսալեզներին. մի՛ փորձեք օգտագործել յուրաքանչյուր առիթ Արևմուտքը վարկաբեկելու և ձեր ռուս տերերին հաճոյանալու համար: Բոլոր տեղյակ մարդիկ էլ լավ գիտեն, թե ինչ դեր են խաղում և ում են ծառայում աղանդավորական կազմակերպությունները, որոնց և՛ ղեկավարները, և՛ անդամներն, ի դեպ, հայեր են, հատկապես ընտրությունների ժամանակ: Պետք չի մարդկանց աչքերին թոզ փչել: Մեր աղանդավորները մեծամասամբ հովանավորվում և ֆինանսավորվում են ոչ թե արևմուտքից, այլ հենց մեր երկրի ներսից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել