Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  Tert.am- ի հետ զրույցում ասաց, որ մտահոգ է էլետրաէներգիայի հնարավոր թանկացմամբ, մանավանդ, որ մեր բյուջեի 29  տոկոսը նախատեսված է սոցիալական պաշտպանության ծախսերի համար:

«Այդ հարցը մտահոգում է ոչ միայն ինձ ու Կառավարությանը. կարող եմ ասել, որ մեր բնակչության սոցիալական խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:  Եվ բնական է, որ սակագների ցանկացած փոփոխություն կամ գնաճ մեզ խիստ մտահոգում է, որովհետև  առաջին հերթին՝ ազդեցություն է ունենում մեր քաղաքացիների կենսապայմանների վրա»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Ի պատասխան հարցի, թե ինչ է զգում, երբ օրինակ՝ 14 տոկոսով թոշակ  է բարձրացվում, իսկ էլետրաէներգիայի սակագինը վերանայման դեպքում վերջին երկու տարում  կրկնակի կթանկանա ու կարծես ջուրը կգցի ամենը, ինչ արվել է սոցիալական ոլորտում, Արտեմ Ասատրյանն ասաց. «Ամեն դեպքում՝ հոսանքի սակագնի ավելացում դեռ  չկա, չնայած կա հայտ, որը պետք է քննվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Եվ որոշում կայացվելու դեպքում, բնական է, որ Կառավարությունը պիտի կարողանա կանոնակարգել մեր քաղաքացիների եկամուտների հետ կապված խնդիրները»:

Նախարարը հիշեցրեց, որ անցած տարի՝ օգոստոսին, երբ կրկին սակագնի վերանայում տեղի ունեցավ, Կառավարությունը  սոցիալապես անապահով հարյուրհինգ հազար քաղաքացիների համար ավելացրեց բազային նպաստի չափը:

Այսինքն՝ նման որոշում լինելու դեպքում Արտեմ Ասատրյանը բնական է համարում, որ Կառավարությունը պետք է արձագանքի այդ որոշմանը:

Հիշեցնենք, որ որ ծանուցվեց, որ ՀԷՑ-երը պատրասվում են մոտ 15 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ այն դարձնելով  58 դրամ ՝ մեկ կիլովատի դիմաց, թեպետ  ՀԾԿՀ-ն դեռ չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը: Հաշվի առնելով, որ մոտ երկու տարի առաջ նույն սակագինը 30 դրամ էր, հերթական անգամ վերանայելու դեպքում կստացվի հոսանքի սակագնի շուրջ 100 տոկոսանոց բարձրացում:

Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե թանկացումը «ամբողջությամբ հիմնավորված»  է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել