... Հիմա նստած էս վեպն եմ խզբզում, հետո ջնջում եմ էն, ինչ ջնջելիք է ու միայն իմ կարդալունը... Երևի մի տեղ փոքրիկն էլի նկարում է... իր հեքիաթն է նկարում: Չգիտեմ` կիսատ է մնացել էդ հեքիաթը, թե դեռ չի սկսել, բայց նա նկարում է, խզբզում մեր բոլորի կիսատ հեքիաթները, կիսատ կյանքերը... Մենք ծնունդից մինչև մահ կիսատ ենք, ինչ էլ անենք հակառակին հասնելու համար, չի ստացվելու... Գոնե կարողանանք էդ կիսատության, մեր սեփական կիսատության մեջ լիարժեք լինել... Նանեն այսօր չի զանգել, գուցե վաղն էլ չզանգի... Եթե ասեմ, որ նրա՝ օրերով չզանգելը, մեր հանդիպումների քչանալն ու դրանից բխող մնացյալն ինձ համար սովորական են դարձել ու առօրյա, կստեմ, իսկ էս անտեր գրասեղանը միակ վայրն է, որտեղ խաբել չեմ կարողանում: Կարոտել եմ Նանեին, աշխարհի չափ եմ կարոտել... Կարոտս էլ է էժանացել, կրպակում մանրադրամի փոխարեն տված լուցկու գին ունի արդեն էդ գրողի տարածը… Ուզում եմ փոքրիկի խզբզոցներին նայել, ուզում եմ տեսնել` ոնց է շարունակվում հեքիաթը... Այն առավոտ` Ծաղկաձորի բարձունքում, ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ մի օր ամենը կեղծ կդառնա, շինծու... Ինչքան էլ չուզեմ հավատալ, մեկ է, մի բան սարքած է դարձել, կլինի խոսելիս, գրկելիս, անկողնում… Նրա` մահու չափ վախեցնող սառնությունը… Վերջին անգամ էնքան կեղծ գրկեց... Ծիծեռնակաբերդ բարձրացող հայի նման կեղծ...
Ինչ-որ ներքին զգացողություն ունեմ, որ շուտով գնալու է... Կքայլի դռան կողմ, ու չեմ հասկանա, որ վերջին անգամ է փակում դուռը... Արյունը կսառչի երակներումս, ու էլի փոքրիկի խզբզոցները կհիշեմ... Խզբզոցներ, որոնք իրար միանալով կյանք են դառնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել