Tert.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը համակարծիք չէ այն դիտարկումներին, թե ԲՀԿ-ի դիրքորոշումը կառավարությանը քննադատելու հարցում փոխվել, մեղմացել է:

«Մեր դիրքորոշումը լսել եք կուսակցության նորընտիր նախագահի կողմից, իմ հայտարարությունն էլ եք լսել, մենք ընդդիմադիր կուսակցություն ենք ներկայացնում, Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցություն ենք ներկայացնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Իսկ թե ինչպես կգնահատի աշխատանքային արդեն մեկամյա փորձ ունեցող Կառավարության աշխատանքը՝ Աբրահամ Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե՝ Կառավարությունն աշխատանքներ կատարում է, չի կարելի ասել՝ չի կատարում, բայց որքան է դա հաջողվում, ժամանակը կգնահատի, այսօրվա վիճակում մեծ, արդյունավետ փոփոխություններ չենք նկատում, բոլորս էլ չենք տեսնում: Միշտ ասել ենք՝ համակարգային փոփոխություն է պետք»:

Խոսելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումից, և թե արդյո՞ք ԲՀԿ-ն դուրս կգա փողոց՝ որպես ընդդիմադիր կուսակցություն, պահանջելու, որ թանկացում չլինի, պատգամավորն ասաց, որ դա արդեն ընդհանուր քննարկման խնդիր է: «Նախ՝ մենք ներսում պետք է քննարկենք, վերջնական որոշում դեռ չկա, ուղղակի խոսակցություններ են: Եթե վերջնական հայտը, քննարկումը լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, կուսակցության նախագահ ունենք, մամուլի խոսնակ ունենք»,-ասաց նա, բայց հաստատեց, թե ամեն դեպքում՝ իրենք դեմ են բոլոր տեսակի թանկացումներին:

«Հրապարակավ ասում ենք՝ դեմ ենք, դա քի՞չ է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել