Exclusive

«Ամենախելացին» նախագիծը վարելու համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի անցած ճանապարհի մասին BlogNews.am-ը պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ հաղորդավարուհուց հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդներ կտա մասնակիցներին։

Նազենին նախ նշեց, որ փորձում է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաներին։ «Աշխատում եմ այնպես շփվել նրանց հետ, որ հանկարծ որևէ մեկը հոգեբանական «տրավմա» չստանա։ Ի վերջո՝ մենք գործ ունենք երեխաների հետ, խաղը խաղ, բայց Աստված չանի, որ երեխաներից մեկը վհատվի, ինչ է թե չի կարողացել անցնել երկրորդ փուլ կամ կիսաեզրափակիչ»,- ընդգծեց նա։

Առաջին խորհուրդը Նազենին տվեց ծնողներին, քանի որ երեխան ձևավորվում է ընտանիքում։ «Պետք է առավել ուշադիր լինել ընդհանուր գիտելիքների զարգացմանը։ Սա ասում եմ ոչ թե հեռուստախաղին մասնակցելու, այլ  ապագան ճիշտ կերտելու համար։ Որքան լայն է երեխայի մտահորիզոնը, այնքան ճիշտ է նա իրեն դրսևորելու յուրաքանչյուր ասպարեզում։ Որքան հնարավոր է շատ բան իմանալ. 21-րդ դարում սա է կյանքի ձևավորման ու փլիլիսոփայության զարգացման հնարավոր միակ տարբերակը»,- նկատեց հաղորդավարուհին։

Նազենին շեշտեց, որ սա այն տարիքն է, երբ յուրաքանչյուր ինֆորմացիա մնում է առհավետ. «Ցանկացած լեզու կարելի է ուսումնասիրել ու հասցնել գերազանցության. սա ամենաընկալունակ, ճկուն տարիքն է։ Օգտագործեք այն՝ ձեր երեխաների վաղվա բարօրության համար»։

Երեխաներին հաղորդավարուհին խորհուրդ տվեց չմոռանալ բակային խաղերի մասին։ «Երեխաները շատ ժամանակ են ծախսում համակարգչային խաղերի վրա։ Ես շատ լավ հասկանում եմ նրանց. ինքս ունեցել եմ այդպիսի շրջան, ժամանակակից աշխարհի թելանդրանքն է, բայց շատ եմ խնդրում ավելի հաճախ խաղալ բակային խաղեր, քանի որ դրանք ոչ միայն ժամացի ձև են, այլև օգտակար  են առողջության համար։ Հաճախ այդ տարիքի երեխաները ոչ ուղիղ մեջքով են, սովոր չեն երկար կանգնել: Ֆիզիկական ամրությունը ևս կարող է նպաստել նրանց կազմակերպվածությանը, գիտելիքների ճիշտ յուրացմանը։  Բակային խաղերից հետո ֆիզիկական  հոգնածությունը նպաստում է նաև առողջ քնին,  նյարդային հանգիստ վիճակին, կարճ ասած՝ առողջ մարմնում առողջ հոգի և հզոր միտք։) Շատ կարևոր է այդ տարիքում կարդալ արկածային գրականություն, որն ավելի ուշ պարզապես ժամանակավրեպ կդառնա»,- ասաց Նազենին ու նկատեց, որ երեխաներն այսօր ավելի շատ կաղում են գրականությունից։

Հաղորդավարուհու համար առավել տպավորիչ են երեխաների հնչեցրած այն պատասանները, որոնք չեն առնչվում մեր ժամանակներին։ «Շատ հաճելի է, որ երեխաներն ունենում են գիտելիքներ դասական արվեստից, քանի որ դասականի հիմքը շատ կարևոր է նորագույն պատմության ձևավորման համար։ Խոսքը միայն երաժշտության կամ գեղանկարչության մասին չէ։ Կան երեխաներ, ովքեր հրաշալի գիտեն մաթեմատիկա կամ աշխարհագրություն, բայց երբ հարցը հասնում է պատմությանը և դասական արժեքներին, թերանում են։ Սա ընդհանուր գիտելիքների հետ կապված խնդիր է, որը հուսով եմ` այսպիսի հաղորդումների միջոցով  լուծելի կդառնա,- նշեց Նազենին` ավելացնելով,-   առհասարակ ես հպարտ եմ, որ այսօր շփվում եմ բառիս լայն իմաստով Խելացի երեխաների հետ, նրանցով ոչ միայն ուրախանում եմ կամ հպարտանում, այլև, առաջին հերթին, սովորում նրանցից։ «Ամենախելացին» հեռուստախաղը դարձավ բեկումնային մեր հեռուստաաշխարհում, հուսով եմ՝ այն կլինի բեկումնային նաև մեր պատանիների կյանքում` դառնալով ամուր հիմք նրանց հետագա կյանքի ձևավորման և «խելքի տիրույթում» իրենց մշտական ներկայությունն ապահովելու համար»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել