Այսօր կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի հերթական առաջարկները, որոնք այս անգամ ուղղված էին ապրանքային նշանների մասին օրենքի փոփոխությանը: Մասնավորապես, ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգման, ապրանքային նշանի արտոնագրի փորձաքննության և պետական գրանցամատյանում այն գրանցելու, ապրանքային նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության անցկացման և ապրանքային նշանի հայտի հիմնապաշարում գրանցելու ժամկետները 1 ամսվա փոխարեն սահմանվելու են 7- 10 օր:

Մեկ այլ առաջարկով ապրանքային նշանի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքը նույնպես կներառվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված զեղչերի ցանկ, քանի որ գործնականում մինչև 25 և 25-100 աշխատող ունեցող տնտեսվարող սուբյեկտները պետական տուրքերի զեղչից օգտվելու նպատակով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու հայտի փոխարեն ներկայացնում են ապրանքային նշանի գրանցման հայտ: 
Այսուհետև ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքերը ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում վճարվելու դեպքում գումարի չափը 50 տոկոսի փոխարեն կավելանա 20 տոկոսով, ինչպես սահմանված է մի շարք Եվրամիության անդամ երկրներում:

Մեկ բարեփոխում ևս. գործակալությունը ապրանքային նշաններին առնչվող որևէ որոշում կայացնելուց հետո հայտատուին/դիմումատուին որոշման մասին փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցով ծանուցելու համար առաջարկվում է սահմանել 3 աշխատանքային օր` ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում` 10 աշխատանքային օրվա փոխարեն:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի փոխանցմամբ` վերոնշյալ առաջարկների ընդունմամբ տնտեսվարող սուբյեկտների տարեկան ընդհանուր ծախսը կկրճատվի 3,3 մլրդ դրամի չափով, որն ընդհանուր ծախսի 48 տոկոսն է:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է 2011 թվականին: Դրա հիմնական նպատակն է էականորեն կրճատել և պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը:

Կենտրոնի գործունեությանն աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և Համաշխարհային բանկը: Կենտրոնի հետ համագործակցում են նաև Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել