Exclusive

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը հայտնի է որպես ոճային, նորաձև աղջիկ։ Վերջերս նա սկսել է իր ֆեյսբուքյան էջում տարածել թևնոցների հավաքածու։ BlօgNews.am-ը նրա հետ զրուցել է նորաձևության, բրենդներից օգտվելու և բիզնես սկսելու մասին։


- Լիլիթ, Դուք հայտնի եք որպես ոճային հաղորդավարուհի, այս առումով խորհուրդներ ընդունո՞ւմ եք։

- Խորհուրդներ միշտ եմ ընդունում, սակայն մասնագիտական խորհրդին՝ իբրև լրագրող և հաղորդավար ավելի ուշադիր և հետամուտ կլինեմ, քան եթե ինձ խորհուրդ տան, թե ինչ հագնեմ առօրյայում։ Գուցե դա ի ծնե է գալիս. ճաշակի զգացողություն և համադրելու ունակություն քչից-շատից ունեմ և կարողանում եմ ինձ համար ընտրել այն, ինչը գեղեցիկ կնայվի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ո՞վ է ընտրում առօրյա լուքերդ, կարծում եմ՝ 21-րդ դարում, երբ ամեն քայլի վրա խանութներ կան, ավելորդ անգամ ոճաբաններին դիմելը ծիծաղելի է։ Չեմ սիրում, երբ ուրիշներին թվում է, որ ինձ կարող են խորհուրդ տալ, չեմ էլ սիրում՝ ես խորհուրդ տամ ուրիշներին։ Միայն ամուսնուս և ամենամտերիմ ընկերուհուս խորհորդ կտամ։

Միայն միջոցառումների, իրադարձությունների շրջանակներում համագործակցում եմ ոճաբան Արամ Նիկոլյանի հետ և փորձում ենք կերպար ստանալ։

-«Fashion» նորություններով հետաքրքրվո՞ւմ եք։

-Ակամայից միշտ տեղյակ եմ նորաձևությունից, սակայն չեմ կառչում դրանից։ Ես ավելի մեծ ուշադրությամբ կհետաքրքրվեմ, թե նախորդ շաբաթ ով է եղել Պոզների հյուրը։

-Եթե մի  բան նորաձևությունից դուրս համարվի, կհագնե՞ք։

-Իհարկե։

-Բրենդներին ուշադրություն դարձնո՞ւմ եք։

-Այո, սակայն ոչ նրա համար, որ բրենդամոլ եմ կամ շատ գումար ունեմ, չգիտեմ՝ որտեղ  ծախսեմ։ Ուղղակի կան բրենդեր, որոնք քեզ տրամադրում են որակյալ հագուստ։ Եթե ես պիտի գնեմ թանկ ջինսե տաբատ և այն կրեմ 4 տարի, ինչո՞ւ ոչ։ Բրենդներն ինչ-որ տեղ իրենց արդարացնում են։

-Նույն զգեստը մի քանի անգամ հագնո՞ւմ եք։

- Ես կոմպլեքս չունեմ, որ մի բանը մի անգամ հագնեմ։ Շատ է եղել, որ նույն զգեստով տարբեր միջոցառումների եմ ներկա եղել։ Չեմ թաքցնի, որ շոպոգոլիկ եմ։ Գուցե դա էլ դառնում է պատճառ,  որ զգեստներս շատ չկրկնվեն։

-Կա՞ մի բան, որը երբեք չեք հագնի։

-Շատ կան նման բաներ, օրինակ՝ նեոնային գույնի լասինաներ, վրայից անհայտ երկար բլուզներ, վուլգար զգեստներ։ Չեմ գնի ֆեյք, որովհետև նորաձև է, քանի որ տանել չեմ կարողանում այդ գաղափարը։ Այսօր նորաձևությունը թույլ է տալիս հագնվել գեղեցիկ, ոճային ու բրենդային։

-Թևնոցների բիզնես եք սկսել։ Կմանրամասնե՞ք։

- Մենք ընտանեկան բիզնես ենք սկսել, ես զբաղվում եմ տարածման գործով։ Վահեն ինձ շատ է օգնում այդ հարցում և առհասարակ ամբողջ կյանքում։ Դեռ միայն թևնոցներ են, առաջիկայում լինելու են վզնոցներ, գոտիտներ և կաշվե այլ աքսեսուրարներ։ Ըստ իս՝ շատ օրիգինալ են. կաշվե հայկական նախշազարդերով, երկաթե մեդալյոններով են։ Յուրաքանչյուր նախշազարդ իր նշանակությունն ունի։

-Դիզայնով Դուք զբաղվո՞ւմ եք։

-Ոչ, սակայն որոշ չափով մասնակցում եմ։ Մի քանի մարդ է զբաղվում սրա իրականացմամբ։

-Այսօր շատ հայտնիներ բողոքում են, որ միայն հեռուստատեսային աշխատանքով հնարավոր չէ հոգալ բոլոր ծախսերը: Բացի այս բիզնեսից, կա՞ այլ աշխատանք, որով զբաղվում եք հեռուստատեսային աշխատանքից դուրս։

- Ես կարող եմ միայն Հանրայինի անունից խոսել. հաշվի առնելով հայ մարդու միջին աշխատավարձը՝ հստակ կարելի է ասել, որ մեր այսօրվա վարձատրված գումարով կարողանում ենք լիովին ապահովել մեր ընտանեան կյանքը։ Աշխատանքից դուրս Վահեն զբաղվում է իր գործով, ես դեռ փորձում եմ աքսեսուարների այս գործն իրականացնել։ Աշխատանքից դուրս շատ են լինում նաև միջոցառումների հրավերներ։ Մեզանից յուրաքաչյուրը զբաղված լինում է՝ Վահեն՝ ավելի շատ, քանի որ իրենց ընտանեկան բիզնեսով է զբաղվում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Առաջին երկու լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել