«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլորել է 18 տարին: Պատանեկության և ավելի վաղ շրջաններում ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի մոտ պարբերաբար նկատվել են պոպուլիզմի մեծ ու փոքր ժայթքումներ, որոնք բռնկվել են հատկապես նախընտրական շրջաններում: Եղել են նաև հանգստի պահեր, երբ ՕԵԿ-ի հրաբուխը «լուռ ու համբերատար» ծխել է. այդ ընթացքում առաջնորդը պաշտոններ է զբաղեցրել՝ ԱԺ նախագահ, ԱԱԽՔ և այլն:

Հիմա արդեն «հրաբուխը» երկրային կապանքներից ազատվել է ու կրկին տրվել է պոպուլիզմի ժայթքումներին: Հյուրընկալվելով իր սեփական հեռուստաալիքի «Իրական հայացք» ծրագրին՝ Արթուր Բաղդասարյանը սկսել է քննադատել կառավարության սոցիալական քաղաքականությունը, օրինաստեղծ գործունեությունը: Ճգնաժամի պայմաններում, որն ավելի քան պայմանավորված է նաև արտաքին գործոններով, իհարկե, կան կուտակված խնդիրներ, որոնց մասին կառավարությունը ոչ միայն բարձրաձայնում է, այլև ուղիներ է փնտրում հաղթահարելու, տնտեսությունը կայունացնելու համար:

ՕԵԿ առաջնորդին, սակայն, առավել հուզում է էմոցիոնալ կողմը. ինչ ասի, որ հավելյալ դիվիդենտներ շահի: Հավանաբար նորահայտ երիտասարդ տաքսիստի «համբավը» մտահոգել է Արթուր Բաղդասարյանին, ու նա կրկին իր պոպուլիստական տարերքի մեջ է. «… տաքսիստները բողոքում են՝ բա էդ մարդը ճիշտ ա ասում, ոնց տաքսոմետր առնի, տիրոջը փող տա, ավտոն սարքի...»:

Պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի երազած Օրինաց երկրում տաքսիստներն աշխատելու են առանց հաշվիչների, խանութներն առանց վաճառողների, գուցե կուսակցություններն էլ՝ առանց առաջնորների՞… Բայց շարունակենք. «… օդաչուների չվճարված աշխատավարձերն ինչո՞ւ չեն վճարում…», «արագաչափերի տուգանքները համարժեք չեն», «կարմիր գծերի փողերն ո՞ւր են գնում …» և այսպես շարունակ:

Հիշեցնենք, սակայն, որ թվարկված վերջին երեք խնդիրները ներկա կառավարության օրոք չեն առաջացել, մինչդեռ ՕԵԿ առաջնորդը պետական կարևոր պաշտոն էր զբաղեցնում ազգային անվտանգության խորհրդում: Արթուր Բաղդասարյանն այդ հաղորդման ընթացքում հեղինակել է նաև մի «նոու հաու». Հայաստանում հարկերի իջեցման համոզված կողմնակից լինելով՝ կարծում է, որ հարկերի նվազեցումը կբերի բյուջեի ավելացման:

Հ.Գ. Բանակում տարածված հայտնի կանոնի համաձայն՝ ժամանակը չէ՞ արդյոք ՕԵԿ առաջնորդին նշանակել հարկային տեսչության պետ. և՛ պետական բյուջեն առատորեն կլցվի, և՛ ՕԵԿ-ի պոպուլիզմի հրաբուխը ժամանակավոր կհանդարտվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել