Հետաքրքիրն այն է, որ մեր հասարակությունը դեռ այդքան կարևորություն է տալիս հոգևորական դասի ներկայացուցիչների ազգայինի կամ պետականության մասին արտահայտություններին: Անխոս, Պարգև Մարտիրոսյանը մեր արժանավոր հայորդիներից է, որն իր անուրանալի ներդրումն է ունեցել Արցախի ազատագրման և բազում այլ հայրենանվեր գործերում: Բայց այդ մարդը նաև հոգևորական է, ու պետք չէ այդքան ծանր ընդունել նրա` հայության և քրիստոնեության կապի մասին դատողությունները: Բա ուրիշ ի՞նչ պետք է ասեր: Երևի պետք է ասեր, որ քրիստոնեությունը ոչ թե հայի ինքնության բաղկացուցիչն է, այլ, որ այն խեղեց հայի ազատասեր ինքնությունը, կամ զորեղության ու վեհության ոգեղենը փոխարինեց խոնարհության ու հեզության հոգեղենությամբ: Թե՞ պետք է ասեր, որ լուսավորականության գաղափարներով կառուցված պետականություն ունեցող հասարակություններում (ինչպիսին է կամ ինչպիսին կդառնա նաև մեր հասարակությունը) եկեղեցին ու եկեղեցականությունն էլ անելիք չպետք է ունենան, որ կրոնականության միֆը միջնադարից հետո, գոնե քրիստոնեական համարվող աշխարհում արդեն սպառել է իրեն, ու այն արդեն իսկ փոխարինվում է մեկ ուրիշ միֆերով: 
Կարծում եմ՝ այդ իսկապես պատվարժան մարդուց նեղանալու կամ նրա` հայոց ինքնության մասին խոսքերին այսքան կարևորություն տալու կարիք չկար: Նա ասել է այն, ինչ պետք է ասեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել