Սեպտեմբերի 11-ի հարձակումներն աշխարհի համար շրջադարձային դարձան: Շուտով սկսվեց ահաբեկչության դեմ պատերազմը, որը լրիվ անհաջող տեմպերով շարունակվում է առ այսօր:
Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն, լինելով հազարավոր կիլոմետրերով հեռու պատերազմներից, վտանգված է: Թե՞ այդպես չէ: 
Մի բան ինձ համար կասկածից վեր է: ԱՄՆ-ն չի պայքարում ահաբեկչության դեմ: Վստահ եմ, որ այդ երկրի կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչպես պետք է պատերազմել ահաբեկիչների դեմ, սակայն այդ մեթոդը մինչ օրս կիրառված չէ: Ահաբեկչության բուն նպատակը հիստերիա սրսկելն է մարդկանց մեջ, ոչ թե նյութական կամ մարդկային կորուստները: Պատահական չէ, որ նրանց ահաբեկիչ են անվանում, անգլերեն՝ Terrorist: Ահաբեկիչներին հաղթելու մեթոդը պատերազմը չէ: Ինչպե՞ս կարող եք հաղթել տեռորիզմին պատերազմով, եթե պատերազմն ինքը տեռորիզմ է: Եթե ցանկանում եք ահաբեկչությունը վերացնել, պարզապես մի՛ ահաբեկվեք: Եթե բոլորով անջատենք հեռուստացույցները, երբ ահաբեկչության մասին է խոսվում, ապա վերջինս կամաց-կամաց կվերանա: Կամ եթե ԶԼՄ-ն չտարածի գլխատության լուրերը, ապա հետագա նման դեպքեր չեն լինի: Բայց եկեք լրատվական կազմակերպություններին դիտենք որպես շահույթ հետապնդող ընկերություններ: Այդ լուրերը տարածելը նրանց փող է տալիս: Փող է տալիս, որովհետև մարդկիկ ավելի շատ հետաքրքված են վատ լուրերով, քան լավ: Վերջին անգամ ե՞րբ եք լավ լուր լսել: Ես 10 վատ լուր լսելուց կամ կարդալուց հետո նոր կարող է մի հատ լավին հանդիպեմ կամ չհանդիպեմ: Ստացվում է, որ լրատվական ընկերությունները պահանջարկ ունեն վատ լուրեր տարածելու ու, ինչպես բոլոր շահույթ հետապնդող ընկերությունները, պահանջարկին պատասխանում են համապատասխան առաջարկով: Ահաբեկչության դեմ պայքարի իմ առաջարկած մեթոդը, ինչպես կոմունիզմը, ռեալիստական չէ: Մենք երբեք էլ չենք կարող անտարբեր անցնել վատ լուրերի կողքով և չահաբեկվել, իսկ լրատվական ընկերություններն իրենց գործը միշտ էլ անելու են: Մենք չենք կարող, նույինսկ չենք էլ փորձելու ինքներս մեզ համոզել, որ լավ լուրեր կարդանք՝ վատերը մի կողմ շպրտելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել