Աշխարհում քիչ բան կարող է լինել այնքան գեղեցիկ ու այնքան մահաբեր, որքան մարտական ինքնաթիռը: Երկնքում մի պահ փայլատակած նրա սլացիկ ուրվագիծը, մինչ իրենից անջատված ռումբի գետնին հասնելը, արյունոտելու չափ պինդ ճզմում է վերևից ստվարաթղթե թվացող քաղաքի միանգամայն իրական մարդկանց հոգիները՝ յուրաքանչյուրին ստիպելով ակնդետ նայել անխուսափելիության անկենդան աչքերին…
1994-ի պատերազմական ձմռանը Արցախի վրա թևածող մահը արևոտ օրերին Ստեփանակերտ էր գալիս քաղաքը օղակած սարերի հետևից՝ արծաթագույն մետաղե թռչունի տեսքով՝ երկնքում իր հետևից թողնելով անհուսության չափ երկար ճերմակ ակոսներ:
Մահաբեր երամի մոտենալն առաջինը զգում էր օդային տագնապի անհանգիստ շչակը՝ իր միալար ոռնոցով լցնելով քիչ առաջ այնքան խաղաղ թվացող մեր փոքրիկ քաղաքի ամեն փողոցն ու բակը: Այնուհետև օդը լցվում էր անվերջանալիորեն բարձր հռնդյունով ու պայթյուններով, որոնք կտրվում էին հանկածակի: Խլացուցիչ լռության մեջ մնում էին միայն ինչ-որ մեկի հուսաբեկ լացն ու քաղաքի պատերազմական սպիներին ավելացած հերթական ավերակի վրա սգի պես ծանր իջնող փոշին:
Մեր փողոցի տներից մեկում ապրում էր Վոլոդյայի ընտանիքը: Նրա ՝ միջին տարիքի ինժեների ու իմ՝ դեռ երեսին աղվամազ չբուսած դպրոցականի սրտառուչ բարեկամությունը սկսել էր այն օրը, երբ մայրս Վոլոդյայի տիկնոջը բողոքել էր իմ սիրելի ռոք երաժշտության՝ ծնողներիս անասելիորեն հոգնեցրած բարձր ձայնից: «Մելոդիա» ընկերության սկավառակների ու դժվար ճարվող ձայներիզների փոխանակումը դարձել էր Ա. Մակարևիչին զարմանալիորեն նման Բիթլզի այդ վաղեմի երկրպագուի ու իմ ընկերության հիմքը: Այդ պատերազմական ձմռանը Վոլոդյան՝ հրետանային սպայի համազգեստը հագին, նահանջող թուրքի գլխին էր թափում իր սիրելի Ջիմի Հենդրիքսի կիթառի ակորդների պես ծանր հրթիռները՝ տանը թողնելով կնոջը՝ բժշկուհի Նելիին ու երեք մանկահասակ երեխաներին:
Սիրելի՛ ընթերցող, դու արդեն գիտես, որ պատերազմը արագորեն վերացնում է քաղաքակրթության բոլոր պայմանականությունները. հարևանի գեղեցկուհի աղջնակը, ում հետաքրքրված գաղտուկ հայացքներին պատասխանելու անզուսպ ցանկությունդ մշտապես պարտվում էր պատանեկան ամոթխածությանը, օրերից մի օր ապաստարան դարձած նկուղում քնում է քեզ հետ նույն մահճակալին՝ վստահելով քեզ ասես իր ամենից հարազատ եղբորը, իսկ մյուս՝ փողոցի ծայրամասում ապրող հարևանի գրեթե անծանոթ կինը, լսելով վիրավորվելուդ լուրը, չի վախենում պատերազմի անասելիորեն երկար փողոցներով հոսպիտալ բերել իր եփած արգանակը:
Համատեղ կյանքն ապաստարանում հետաքրքիր էր ու հեշտ, սակայն մինչ հարևան Գրիշայի ընդարձակ նկուղն ընկած մետրերը կարող էին արժենալ մեր ողջ ընտանիքի կյանքը կամ առողջությունը, ու հայրս, ով կապիտանի կոչումով զինվորական ինժեներ էր, մեզ տալով գետնատնակի իր կազմած գծագիրը, հանձնարարել էր մեր հսկայական թթենու տակ կառուցել վերջին հույսի այդ հողափոր տաճարը:
Մեր մանկական ձեռքերի անփորձությունը հավասարակշռվում էր անսպառ եռանդով, ու անգամ ուրիշի կառուցածը դժվարությամբ հավանող հայրս մեկ շաբաթ հետո գոհ էր մեր ամրաշինական աշխատանքների արդյունքից, իսկ մեր աչքերում այդ խորդուբորդ պատերով նեղլիկ գետնատնակը աշխարհի վերջին հրաշալիքն էր՝ թերևս ունակ դիմանալ անգամ ատոմային ռումբի ուղիղ հարվածին:
Իհարկե, մեր գետնատնակը ստեղծում էր միայն պաշտպանվածության պատրանք, ինչպես ռմբապաստարաններում երբևէ թաքնված բոլոր մարդկանց, այնպես էլ մեզ իրականում պաշտպանում էր միայն մեր տան վերևով Աստծո փռած անտեսանելի շղարշը, բայց Վոլոդյայի կինն ու երեխաները օդային տագնապի ազդանշանն հնչելուն պես վազում էին մեր գետնատնակ՝ պաշտպանված լինելու պատրանքի իրենց փոքրիկ չափաբաժնի հետևից:
Հերթական մի օր, երբ մահվան արծաթագույն թռչունների երամը նորից երկար պտույտներ էր գործում մեր քաղաքի երկնքում, ես ու Վոլոդյայի կինը՝ Նելլին, վիճում էինք գետնատնակի մուտքի առջև կանգնած. ինձ նրանից առաջ գետնատնակ մտնել խանգարում էր տղամարդու պատվի մասին իմ մինչ օրս չփոխված պատկերացումը, իսկ նրան՝ աչքի առջև մեծացած հարևանի երեխային վտանգից պատսպարելու մայրական մղումը:
Հիմա եմ հասկանում, որ այդ պահին մեր գետնատնակն անասելիորեն մեծ էր՝ ունակ պաշտպանելու աշխարհի բոլոր երեխաներին ու բոլոր մայրերին, իսկ մահվան արծաթագույն թռչունները թույլ էին, ու նրանց կույր կատաղությունը իրենց անզորության մոլեգնող զավակն էր…
Հավատո՞ւմ եք՝ տարիներ հետո, երբ ես լցնում էի մեր գետնատնակը, տխուր էի, ասես դավաճանում եմ հին ընկերոջս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել