1. Տրանսֆերային հիանալի քաղաքականության արդյունքում թիմը ձեռք բերեց Խամեսի պես հիասքանչ ֆուտբոլիստի, ով ամեն խաղում շարունակում է զարմացնել ինձ թե՛ իր նվիրվածությամբ, թե՛ համեստությամբ, թե՛ անկրկնելի խաղով։

2. Անչելոտին վերջապես կարողացավ ստեղծել այն, ինչ ցանկանում էր՝ գնդակի վերահսկման բարձր վարպետություն ու մեկ խաղացողից չկախված թիմ։ Դրա վառ օրինակն են վերջին 3 խաղերում տարած հաղթանակները, որոնցում Ռոնալդուն ոչ մի գոլ չի խփել՝ մի քանի գոլային փոխանցում կատարելով։ Բացի այդ, կիսապաշտպանների արդյունավետությունն է կտրուկ բարձրացել։

3. Խամեսի ու Մոդրիչի վնասվածքները հունվար-փետրվար ամիսներին թիմին դրեցին ծանր վիճակում, ինչն էլ արտահայտվեց մրցաշարային աղյուսակում առաջին տեղի կորստով, իսկ վերջիններիս վերադարձից հետո թիմը նորից սկսեց ցուցադրել իսկապես հավասարակշռված ու չեմպիոնական խաղ, ինչպիսին վայել է ՉԼ գործող չեմպիոնին ու աշխարհի ակումբային չեմպիոնին։

4. Այս մրցաշրջանում, կանխազգացում ունեմ, նվաճելու ենք միայն Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը՝ ամենայն հավանականությամբ հավասար միավորներով ավարտելով առաջնությունը «Բարսելոնայի» հետ միասին։

5. Չեմպիոնների Լիգայում էլ հաղթանակի հավանականությունը երևի թե 50-60 տոկոս կարելի է գնահատել։ Մի քիչ դժվար կլինի վնասվածքների նման տարափի պայմաններում ամենաուժեղ խաղը ցուցադրել, որն էլ հենց պետք է չեմպիոն դառնալու համար։

6. Մրցաշրջանի ավարտից հետո թիմից կհեռանան մի քանի խաղացողներ, ամենայն հավանականությամբ՝ Արբելոան (Դանիլոն արդեն իսկ ձեռք է բերվել «Պորտուից» որպես աջ պաշտպանի դիրքի նոր մրցակից Կարվախալի համար, ու երկուսն էլ հավասարապես արժանի են մեկնարկային կազմում տեղին), Իլյարամենդին, ում համար «Լիվերպուլը» պատրաստ է մեծ գումար վճարել (խոսվում է 28-30 մլն եվրոյի մասին), Չիչարիտոն կվերադառնա «Յունայթեդ», Նաչոն ու Ֆերնանդո Պաչեկոն, քանի որ բավարար խաղաժամանակ չեն ստանում «Ռեալի» պես գրանդում, բայց իրենց խաղամակարդակով արժանի են մի փոքր ավելի համեստ թիմում մեկնարկային կազմում մշտապես խաղալուն։

7. Կասիլյասը չի հեռանա ակումբից, այլ կմնա ու կավարտի պայմանագրային պարտավորությունները՝ խաղալով ևս մեկ մրցաշրջան։ Հնարավոր է, որ այդ մեկ մրցաշրջանում, եթե ցուցադրի իր լավագույն խաղը, նաև շարունակի տիրել մեկնարկային կազմում տեղին մի քանի տարի ևս։

8. Իսկոն ու Պեպեն, չնայած առկա մեծ պահանջարկին այլ թիմերի կողմից, չեն հեռանա թիմից, քանի որ անձամբ Անչելոտին թույլ չի տա։

9. Հավանական տրանսֆերներից ամենառեալ թվացողներն այս պահին Մարկո Վերատիի, Մորատայի տրանսֆերներն են, ինչպես նաև վարձավճարից հետ կվերադարձվի Կազեմիրոն, եթե Վերատիի տրանսֆերը չհաջողվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել