Գյումրու 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցածը դեռ երկար կշարունակի մնալ յուրաքանչյուրի հիշողության մեջ: Ինչպես հիշում ենք, դեպքից հետո ռազմաբազայի հրամանատարական կազում եղան փոփոխություններ, սակայն ինչքանով է դա ազդելու կարգապահության վրա` կերևա ապագայում: 
Ամեն դեպքում այսօր իմացանք, որ բազայում փոփոխությունները շարունակվում են:

Մասնավորապես այսօր սկսվել է ժամկետային զինծառայողների փոխարինումը պատրաստված մասնագետներով` ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Մոտ 3 հազար զինվորներ ու սերժանտներ իրենց ծառայությունը կշարունակեն ու կզորացրվեն ռազմական շրջանի այլ միավորումներում: Նրանց կփոխարինեն պատրաստված մասնագետներ ռազմական ուսումնական կենտրոններից ու զորամասերից: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների՝ Գյումրիի ու Երևանի կայազորներում»:

Սա, անշուշտ, ունի կարևոր նշանակություն:
Ակնհայտ է, որ պայմանագրային զինծառայողները համեմատած ժամկետայինների հետ, առավել պրոֆեսիոնալ պատրաստվածություն ունեն մարտունակության առումով:

Սա թերևս անհերքելի ու ակնհայտ փաստ է, սակայն ուշադրություն դարձնենք նաև տնտեսական բաղադրիչին:
Պայմանագրային զինծառայողները շատ բարձր են վարձատրվում: Սա նշանակում է, որ եկամտի մեծ մասը ծախսվելու է Հայաստանում, մասնավորապես Գյումրիում:

Հ.Գ Տա Աստված, որ այս փոփոխություններից հետո նորերը ռազմաբազայում «բարեփոխեն» նաև կարգապահական մասը: Պերմյակովի օրինակը պետք է որ դաս լինի նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել