Սիրելի ընթերցող, եթե Դուք Իրենեո Ֆյունեսը չեք՝ Բորխեսի նկարագրած հիշողության հրաշքը, ով սեպագրի հուսալիությամբ արձանագրում էր իր գավառական կյանքի նույնիսկ ամենից չնչին մանրամասնությունները, Ձեր հիշողությունն ապրում է Ձեզանից անկախ: Նա իր խորքերում կարող է հավիտենաբար գրանցել կյանքի սրընթաց շրջապտույտում մեկի մի կարճ պահ առկայծած անծանոթ դեմքը ու կարող է իսպառ մոռանալ նրան , ով տարիներ շարունակ Ձեր հետ նստել է նույն դպրոցական նստարանին: Ընտրություն կատարելու իր մշտական հակումը հիշողությունը ցույց է տալիս նաև պատերազմի ժամանակ. որոշ դեպքեր Ձեր ներաշխարհում թողնում են անջնջելի սպիներ՝ անպաշտպան մաշկին թափված հալած արճիճի պես, մյուսներն արագորեն անէանում են՝ ինչպես արևից բորբոքված ասֆալտին ընկած ջրի կաթիլներ…
Ամեն տարի իր կրե սպիտակ զգեստները թարմացնելով հուսահատաբար մյուսներից ոչ վատը թվալ փորձող մեր հին տունը զարմանալիորեն բարի էր և հյուրասեր: Կյանքին մի անվերջանալի հեքիաթի պես նայող մանուկներիս աչքերում ժամանակների սկզբից կանգուն մեր տան աննկարագրելի նեղվածքը մեկեն վերանում էր, ու փոքրիկ սենյակը, կարծես ամաչելով իր կենտրոնում դրված սեղանի շուրջն հավաքված մարդկանց սրտերի լայնությունից, դառնում էր կյանքի պես անծայրածիր ու խորհրդավոր:
Գրեթե ամեն օր փայտե հնամաշ սանդուղքի դժգոհ ճռճռոցը մատնում էր հերթական հյուրի գալուստը: Անհամբերաբար փորձում էինք գուշակել, թե այս անգամ ում այցի մունետիկն է սանդուղքի՝ հյուրի ամեն քայլափոխի հետ մոտեցող ծերունական բողոքը: Ճռռոցը կտրվում էր ճիշտ այն պահին, երբ հյուրը, հասնելով փոքրիկ պատշգամբ, բռնում էր մուտքի դռան գունաթափ բռնակից:
Լինում էր, որ դուռը բացվում էր և ներս էր մտնում արցախյան շարժման թափ առնելու հետ տանը ավելի ու ավելի քիչ լինող հայրս, կամ քեռիներս, որոնց լավ տրամադրության վրա կարծես չէին կարողանում ազդել ոչ Ստեփանակերտն օղակած լեռներին խելահեղորեն պարող պատերազմական կրակները, ոչ էլ փողոցներում թափառող կպչուն տագնապը: Լինում էր, որ սանդուղքի վրա միմյանց էին բախվում ռուս գնդապետը ու նախորդ գիշեր գնդապետի զինվորների քթի տակ հերթական անանուն սխրանքը կատարած հետախույզ-ազատամարտիկը: Իսկ երբ մերկապարուհու անամոթ վճռականությամբ պատերազմը դեն նետեց իր արյունոտ մարմինը քողարկող վերջին զգեստները, մեր տուն ամենից հաճախ սկսեցին այցելել հորս զինվորական ընկերները: Նրանցից երկուսն առանձնանում էին բոլորից. մշտապես անթերի ածիլված, խնամքով արդուկված համզգեստներով Կարենն ու Լևոնը:
Պատերազմը, ընտանեկան օջախի հանդարտ ջերմությունից մարդուն նետելով ամենից դաժան սառնամանիքների ու խեղդող շոգերի գիրկը, ոչ վաղ անցյալի բարեկեցությունը աճպարարի անորսալի արագությամբ փոխարինելով ամենախիստ կարիքով, շատերին ստիպում է ամեն պատեհ առիթով տենդագին որոնել նախկին հարմարավետության փշրանքները: Ձեր մի պահ աչքաթող արված հնդկահավը կամ սագը, միամտաբար մի կողմ դրված տաք բաճկոնը կամ նոր ճտքակոշիկները արագորեն կարող են դառնալ մահվան դատարկ աչքերին ամեն օր նայող մարդու անվտանգության ու բավարարվածության զգացման կարոտի զոհերը:
Սիրելի ընթերցող, մի շտապիր խիստ դատել նրան. արդար ու ճիշտ ապրելը անչափ դժվար է անգամ հիմա, երբ պատերազմը ծեծ կերած գիշատիչի պես նահանջել է մեր երկրի հեռավոր սահմանները: Իսկ այդ տարիներին ամեն տան փոշոտ ձեղնահարկում ու ամեն ամայի հրապարակում, ամեն անտառային արահետի վրա ու ամեն բլրի կանաչ լանջին հերթական զոհին անհամբեր սպասող վառվող աչքերով Մարդակերը՝ մահը , շատերին ստիպում էր ուշադրություն չդարձնել մեր կյանքը գեղեցիկ ու ազնվական դարձնող պայմանականությունների վրա: Ուրիշի թողած կոշիկները չթռցնելը նշանակում էր երկարատև տառապանք պատերազմի ցեխոտ ճանապարհներին, իսկ սուր դանակից խուսափած սագի մասին հուշը դեռ երկար կարող էր տանջել Մարդակերի ցցված կողոսկրերով քրոջ՝ Սովի գրկում: Տղաների ազնվությունը ավելի վերերկրային բնույթի էր. նրանք ամեն օր իրենց անցյալը, ներկան ու ապագան, մտերիմների անհանգստությունն ու երեխաների կարոտը, սիրելիների սպասումը ազնվորեն նվիրում էին իրենց հրդեհված երկրի ազատությանը….
Հորս երկու ընկերները՝ Կարենն ու Լևոնը, կարողանում էին անբիծ մաքուր մնալ պատերազմի կպչուն կեղտի մեջ: Նրանք հյուր էին գալիս անսպասելի՝ իրենց հետ բերելով Մռովի անտառների խոնավ խաշամի բույրն ու Թարթառի թավ խշշոցը, կրակահերթերի՝ ձորերի խոժոռ պատերին խփվող արձագանքն ու այրվող գյուղերի տխուր ճարճատյունը: Բայց միշտ բարի ու ժպտերես: Միշտ շռայլ սրտով ու բարեհամբույր: Ցավոք, այդ երկու լավ մարդիկ իրենց բազմաթիվ ընկերների հետ ևս զոհ գնացին պատերազմի անողոք հողմապտույտին՝ իմ հուշերում հավիտենաբար մնալով այնպիսին, ինչպիսին էին առաջին այցի ժամանակ՝ երիտասարդ, ուժեղ ու անասելիորեն հպարտ:
Հիմա այդ տխուր օրերից 22 տարի անց բոլորս կանգնում ենք ուրիշ՝ կյանքի ու մահվան հետ կապ չունեցղող ընտրության առջև, և ես Աստծոն հաճախ խնդրում եմ ինձ ուժ տալ մնալ պատերազմի օրերին ինչ-որ մեկի սագը թռցնող զինվորի չափ ազնիվ ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել