Համաշխարհային տիրապետության համար 1914 թվականին սկսված կայսրությունների պատերազմը մասնակից բոլոր ժողովուրդներին հրեշավոր սնանկացման հասցրեց և աննախադեպ արյունալի սոցիալական հակամարտություններ բերեց իր հետ:

Հայերը ներքաշված էին այս սարսափելի պատերազմի մեջ ոչ թե իրենց կամքով, այլ այն տերությունների որոշմամբ, որոնց տիրապետության տակ գտնվում էին։ 
Պատերազմում հաղթանակած Հիմնական Դաշնակից Տերությունները՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, ճանաչեցին հայ ժողովրդի պետական ինքնիշխանությունն իր պատմական հայրենիքի նկատմամբ և 1920թ. օգոստոսի 10-ին Թուրքիայի հետ կնքված հաշտության պայմանագրի մասնակից-պետությունների մեջ ներառեցին Հայկական Հանրապետությունը:

Այս քաղաքական որոշման հիմք հանդիսացան հետևյալ անվիճելի փաստերը.

չնայած որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում գտնվել է օտար կայսրությունների տիրապետության տակ և տարանջատված գոյատևել նաև տարբեր կայսրություններում, միևնույնն է, պահպանել է իր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, կրոնական համոզմունքները, ընտանեկան բարքերը, սեփականության կառավարման մեթոդները և կայուն սոցիալական հարաբերությունները,
գտնվելով այլ ժողովուրդների տիրապետության տակ՝ հայերը բազմաթիվ զոհերի գնով անզիջում պաշտպանել են իրենց ազգային արժանապատվությունը և անխոնջ կերպով պայքարել իրենց քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքների համար: 
1915 թ. մայիսին Օսմանյան կայսրության կառավարության կողմից ընդունված պետական ակտը, համաձայն որի՝ հայազգի քաղաքացիները ճանաչվում էին որպես անհուսալի, զրկվում էին քաղաքացիական իրավունքներից, գոյատևման միջոցներից և արտաքսվում էին, վկայում է, որ թուրքական պետությունը հայ ժողովրդին ընդունել է որպես իր թշնամի, ով պատերազմում է հակառակորդի կողմում, 
Օսմանյան կայսրության գործողությունների արդյունքում հայ ժողովրդին հասցված վնասը այնքան մեծ էր, որ միայն անկախ և ազատ գոյությունը պատմական հայրենիքում կարող էր անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգի վերածննդի և հետագա լիարժեք գոյատևման համար:

Այս արդարացի որոշումը, որը թելադրված էր հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու պահանջով, այդպես էլ մնաց թղթի վրա:

Թուրքիայի և Ռուսաստանի հեղափոխական ռեժիմները, մարդկանց ցավին և արյանը անհաղորդ, դավադիր կերպով միավորվեցին 1920թ. և ասես դիակապտիչներ թալանեցին հայ ժողովրդի վիրավոր և գրեթե անկյանք մարմինը:

Դաշնակից Տերությունների նկատմամբ ատելության վրա հիմնված Քեմալական և բոլշևիկյան ռեժիմները 1920 թվականին Մոսկվայում ստորագրեցին հայ ժողովրդին իր պատմական հայրենիքի նկատմամբ ինքնիշխանությունից զրկելու պայմանագիրը, որն առ այսօր այդ անբարոյական միության հուշարձանն է հանդիսանում:

Այսպիսով, 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ երկու հանցագործություն է իրականացվել՝ առաջինն Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, երկրորդը՝ անկախությունից և ազատությունից զրկելը՝ իրականացված քեմալականների և բոլշևիկների կողմից:

Պատերազմը կարող է ավարտվել միայն պատերազմող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Սա բնական օրենք է, որին ենթարկվում է մարդկային գիտակցությունը: Առաջին համաշխարհային պատերազմը հայ և թուռք ժողովուրդերի համար անավարտ է մնացել: Մենք բոլորս դատապարտված ենք պահպանել այդ թշնամանքը մեր սրտերում այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել:

Այդ պատճառով էլ մեզանից շատերի հոգու խորքում նույնիսկ հարյուրամյակ անց դեռ շարունակում է ապրել վիրավոր գազանը, ով սպասում է անսանձ կատաղությունն արտահայտելու իր ժամին: Մենք տեսել ենք այդ ցասումը յոթանասունականներին և իննսունականներին: Կրկին թափված արյունը ցույց տվեց բոլորին, որ չավարտված պատերազմը երկարաձգում է ատելությունը, վախը և նոր զոհեր է ծնում:

Մենք տեսնում ենք, որ թուրք ժողովուրդը նույնպես չի կարողանում հոգու հանգստություն գտնել: Անցյալում իրականացրած չարագործությունների ներդաշնակություն հաստատել, ստիպում է միշտ պատրաստ պահել զենքը և թշնամիներ փնտրել հենց իրենց ներսում:

Ես կոչ եմ անում Հայաստանին և Թուրքիային ընդունել, որ մեր ժողովուրդների միջև այսօր չկա խաղաղություն, այլ միայն հրադադար է: Մենք նաև պետք է մեր մեջ ուժ գտնենք հասկանալու, որ նման գոյատևումը նվաստացնում է մեր ժողովուրդների ազգային արժանապատվությունը, խոչընդոտ է հանդիսանում խաղաղ հարաբերություններ հաստատելու համար և հետագա սերունդների կյանքին սպառնացող վտանգ է ներկայացնում:

Որպեսզի մեր երեխաները ձերբազատվեն անվստահության և թշնամանքի զգացումից, Հայաստանը և Թուրքիան պետք է վերադառնան 1920թ. օգոստոս և կրկին անցնեն ազգամիջյան հաշտեցման ողջ ուղին: Թուրքիայի կողմից Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանության ճանաչումը այդ ուղու ելակետն է՝ մեր ընդհանուր նոր քաղաքական իրականության հիմնաքարը, որը փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված խաղաղ, բարիդրացիական հարաբերությունների ճանապարհ է բացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել