Հայոց ցեղասպանությունը մեկ օրում չի կազմակերպվել ու ավարտվել: Այն տևել է տարիներ, ու 365 օր հայը կոտորվել է Թուրքիայում նախապես գծված ծրագրի համաձայն: Մենք չպետք է սահմանափակվենք այսքանով և էլ ավելի մեծ ուժերով պետք է պայքարենք, որ միջազգային հանրությունը ճանաչի 20-րդ դարասկզբի ամենաաղետալի ողբերգությանը և հայերի հետ միասին դատապարտի մարդկության դեմ գործած յուրաքանչյուր հանցագործություն:

Երեկ ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Ի նշան հարգանքի և հիշատակի՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի և Հռոմի Կոլիզեումի լույսերն անջատվեցին: Այս ամենին թուրքերն իմ կարծիքով չէին սպասում, բայց եղավ այն, ինչ եղավ: Գերմանացիները մոտ օրերս ամենայն հավանականությամբ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Օրինագիծն արդեն Բունդեսթագում է, մի խոսքով պայքար ու պահանջ՝ ահա հայի իրական կեցվածքը:

Աշխարհի տարբեր ծայրերում 1915 թվականից մազապուրծ եղած հայ ընտանիքների զավակներն ու թոռներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել և երթեր էին կազմակերպում: Աշխարհում միայն հայկական սփյուռքի բազմազանությունն արդեն իսկ թույլ է տալիս հասկանալ, որ այս ժողովրդին տեղահանել ու սպանել են: Արդար պահանջ ու արդար վրեժ կա յուրաքանչյուր հայի սրտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել