Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված և ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին ևս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքն ապրեց տնազրկման ու գաղթի ցավը: 
Ադեն ստիպված էր միայնակ փրկել վեց ճակատագիր՝ Արամ, Վահան, Սոկրատ, Տոնո, Էրինազ, Սոսե զավակներին: Փախուստի մղձավանջում, հաղթահարելով ճանապարհի բարդությունները և ավազակային հետապնդումները, գետնանցման ժամանակ ընտանիքը կորցնում է փոքրիկ 4-ամյա Սոկրատին: Նրանք մազապուրծ հասնում են Արևելյան Հայաստան, սակայն արյան կանչը և հարազատական կարոտի ապրող զգացումը հանգիստ չեն տալիս ընտանիքին: Որդիներից ավագը՝ 17-ամյա Արամը, արհամարհելով վտանգը, եղբորը գտնելու հույսով, գիտակցաբար մեկ անգամ ևս անցնում է այդ դժոխքով: Արամը մեծ դժվարությամբ վերադառնում է հարազատ գյուղ, հրաշքով գտնում Սոկրատին և տեղափոխում Արևելյան Հայաստան: 
Սոկրատ Մանուկյանը լուսահոգի պապս էր …
Հետագայում մեր տոհմի հրաշքով փրկված փշրունքները ծիլեր նետեցին Արևելյան Հայաստանից մինչև Ֆրանսիա: 
Սոկրատը հիմնվեց նախկին Սպիտակի շրջանի Հարթագյուղում (Ղալթախչի), որտեղ Բուրաստան տատիս հետ 8 զավակներ մեծացրին: 
Ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց որդիս՝ Ալեքսանդր Մանուկյանը, ով ջարդերից փրկված Սոկրատ պապիս այն ժամանակվա գրեթե հասակակիցն է, այսօր արդեն իր տարիքին ոչ բնորոշ լրջությամբ հորիցս՝ Գերասիմ Մանուկյանից, հետաքրքրվում է իր արմատների, Եղեռնի և կորսված Հայրենիքի մասին… Ուրախ եմ, որ որդուս ձևավորվող հայրենասիրությունը սնվում է մեր պատմության էջերից, և մեր տոհմի գեներով նրան փոխանցված ազգային հիշողության ուժով նա Մանուկյանների գերդաստանի ՎԱՂՎԱ պահանջատերն է լինելու:
Հիշում ենք և պահանջում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել