Մեր ժողովրդական երգերը շատ ազնվացնող, մի տեսակ մաքրող հատկություն ունեն: Քիչ առաջ հենց այդպիսի երգերով հարուստ մշակութային միջոցառումից եմ վերադարձել: Համերգը Ստամբուլում էր՝  նվիրված Ցեղասպանության 100-ամյակին:  Տպավորված եմ ոչ միայն մեր երկրի մշակութային ժառանգությունից, այլև դրա մատուցման ձևից ու նաև զարմացած ունկնդիրների վրա, որոնց պահվածքն առնվազն անհասկանալի էր, եթե անհասկանալի էլ չէր, ապա տարօրինակ էր:  

Համերգի ընդմիջման ծամանակ դուրս եմ գալիս միջանցք ծանոթներիս հետ զրուցելու, տպավորություններով կիսվելու ու մեկ էլ նկատում եմ, որ թե տարեց և թե երիտասարդ զույգեր լայն ժպիտով լուսանկարվում են 1915-ին զոհված մտավորականների լուսանկարների ֆոնին: Սկզբից ուզում էի հասկանալ` արդյո՞ք չարախինդ թուրքեր են, թե՞ հայեր, որոնք չեն նկատել ուղղակի լուսանկարները կամ էլ, լավ, գոնե նստած չէին դահլիճում: Մի քանի րոպե կանգնելուց հետո հասկացա, որ նրանք հայեր էին, ովքեր մասնակցում էին միջոցառմանն ու հենց կոնկրետ էդ նկարների ֆոնին էլ ուզում էին լուսանկարվել: ԻՆՉՈ՞Ւ: Սա ինձ համար անհասկանալի է, եթե անհասկանալի էլ չէ, ապա առնվազն տարօրինակ է:

Ու դա միակ զարմանալի երևույթը չէ, որ կարծես թե համատարած է թե՛ Հայաստանում բնակվող հայերի և թե՛ սփյուռքահայերի համար: Դա իրենցից կարգավիճակով բարձր մեկին քծնելը, հաճոյանալն ու նրան դուր գալու ցանկությունն է: Երբ երիտասարդ կարիերիստը նման բան անի, կասես լավ, ինչ-որ տեղ հասկանալի է, նույն վերաբերմունքը, մի թեթև ժպիտով, կունենաս պետավտոտեսուչի հետ բանակցելիս նրան «շեֆ ջան» անվանող վարորդի դեպքում, բայց որ այդ ստրկամիտ պահվածքը դրսևորվում է բացարձակապես անտեղի, ապա հռետորական հարց է առաջանում` արդյո՞ք մենք ուրիշին քծնելու և հաճոյանալու մոլուցք ունենք: Իրավիճակը շատ ավելի բարդ է դառնում հատկապես ազգային խնդիրներին վերաբերող հարցերում, ինչպես օրինակ հետևյալ դեպքում է:

CNNturk-ի գլխավոր խմբագրին հարցախեղդ ենք անում նրանց հեռուստաընկերության՝  Հայոց ցեղասպանության լուսաբանման քաղաքականության, օգտագործվող բառապաշարի ու նմանատիպ այլ հարցերի մասին, երբ էս մարդը մեր հարցերի պատասխանին որպես հավելում ներկայացրեց իր փորձը:

Ուրեմն Հրանտ Դինքի հուղարկավորության օրը նրանց եթերը հագեցած է լինում ուղիղ եթերներով, Դինքի մասին ռեպորտաժներով, իսկ երեկոյան որոշում են տաղավար հրավիրել Եվրոպայում հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչների: Նրանք նստում են տաղավարում ու մինչ հաղորդավարը կգա՝ բանավեճի են բռնվում. արդյո՞ք 1915-ի իրադարձությունների մասին խոսելիս պետք է անվանեն դա Ցեղասպանություն, թե ոչ: Միգուցե Թուրքիայի ամենադիտվող հեռուստաալիքով պետք չէ նման բան ասել և այլն: Քանի որ նրանց շփման լեզուն ֆրանսերեն է լինում, գխավոր խմբագիրը բանավեճն ընդհատում  է՝ ասելով՝ այ ընկերներ, դա ձեր պատմությունն է, դուք հայեր եք և ազատ եք անվանելու այն, ինչպես ուզում եք:

Ու էնպես չի, որ էդ մարդիկ եզակի երևույթ են: Ոչ: Պարզապես հեռուստաընկերության հեղինակությունը միգուցե ճնշում էր նրանց: Ու նրանք վիճարկում էին կոչե՞լ գոնե հայերիս համար այդ պատմական փաստն իր անունով, թե՞ փորձել այլընտրանք գտնել: Ու դա անում են, երբ նախապես իրենց ոչինչ չի զգուշացվել, ու ընդհանրապես նման հարց չի էլ քննարկվել, կարիքը նույնիսկ չի եղել:

Այս միտումն էլ ինձ համար առնվազն անհասկանալի է, եթե անհասկանալի էլ չէ, ապա տարօրինակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել