Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեջ նկատվում է, որ Հայաստանի բոլոր գործընկերները, ինչպես նաև լրատվամիջոցները շեշտադրումը դնում են ցեղասպանության հանցագործության վրա:

«Դա թույլ է տալիս իրականում այս պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար տանել նոր, շատ ավելի բարձր փուլ: Մենք  շատ ենք կարևորում 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների չորս սյուների մեջ հենց երրորդ՝ միջազգային պայքարի սյունը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին, ովքեր շատ ծանր օրակարգ ունենալով՝ ընդամենը մի քանի ժամով Երևան ժամանելով, կարողացան գալ և կանգնել հայ ժողովրդի կողքին՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի շրջանակներում՝ ասելով, որ «այլևս երբեք»-ը ցավոք, այս պահին դեռ չի աշխատում:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ անկախության առաջին օրվանից միջազգային բոլոր կառույցներում Հայաստանը Ցեղասպանությունը դատապարտող և ցեղասպանության հանցագործության դեմ ձայն բարձրացնող այն առաջատար պետությունն է, որին հետևել  են աշխարհի առաջատար պետություններ:

«Իհա՛րկե, միջազգային պայքարում առաջատարի դեր խաղալու համար անհրաժեշտ են և՛ մարդկային, և՛ գիտական, և՛ քաղաքական ռեսուրսներ, որոնք այդ պայքարը դարձնում են արդյունավետ, բայց մենք համոզված ենք, որ եթե մեր կողքը կարող են կանգնել այսպիսի մարդիկ, մենք այս պայքարում հստակ կարող ենք տեսնել արդյունքներ, որոնք կարող են փոխել աշխարհում այդ հանցագործության նկատմամբ վերաբերմունքը»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Վերջինիս խոսքով այսպիսի համաժողովներն առաջին հերթին կարծիքների փոխանակման և այդ ոլորտում կարծիք ձևավորողների և քաղաքականություն մշակողների միջև, այսպես ասած, ժամացույցները շտկելու, իրար հետ դիրքերը համադրելու կարևոր պլատֆորմ է:

«Շատ կարևոր է, որ մեր բոլոր գործընկերները արձագանքեցին և ներկա գտնվեցին: Սովորաբար նման համաժողովներում պլենար նիստից հետո դահլիճում մնում են փոքր խմբեր: Ես իրոք զարմացած եմ, որ դահլիճը լեփ-լեցուն է նաև քննարկումների ընթացքում: Համաժողովին գրանցվողների թիվն անցել է բոլոր հնարավոր ակնկալիքները: Ֆորումին կա մոտ 1200 գրանցված մասնակից, որը ուղարկված հրավերների 100%-ն է: Դա ակնառու արդյունք է»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել