Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Պուտինն ապրիլի 24-ին ժամանելու է Երևան ու մասնակցելու է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, դե ձեռքի հետ էլ հանդիպելու է Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հետ։ Ինչ խոսք, լավ է, որ գոնե այսքանն արվում է, ու գոնե այս կետով Ռուսաստանը հարիր առիթ չի ստեղծում Հայաստանում առանց այն էլ հզորացող հակառուսական տրամադրություններին նոր թափ հաղորդելու հարցում։

Մյուս կողմից, տեղեկանում ենք, որ Մոսկվայի իշխանություններն արգելել են Ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև լռակյաց պիկետ անցկացնելու թույլատրություն տրամադրել Ռուսաստանի Հայերի Միությանը, ու սա եզակի նման դրսևորում չէ Ռուսաստանի տեղական իշխանություններից. երեկ էլ իմացել էինք, որ Սոչիում լիկվիդացվել էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կարգախոսով ու անմոռուկով գովազդային բիլբորդները։ Վստահ եմ, որ միջին ու բարձր օղակի ռուս չինովնիկների նման հերոսությունների մասին դեռ էլի կլսենք, բայց ես հակված չեմ սա վերագրելու չինովնիկական կամայականությունների։

Հասկանո՞ւմ եք, Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը կամ էլ Կրասնոդարի նահանգապետ Տկաչովը կարող են հազար տարի լինել հայատյաց կամ էլ հայասեր, բայց որոշ դեպքերում նրանք գործում են ոչ թե իրենց նախասիրություններով ու քմահաճույքներով, այլ քաղաքական իսթեբլիշմենթի օրակարգում առկա վեկտորով, իսկ այսօր Ռուսաստանի քաղաքական օրակարգում հերթական անգամ Թուրքիայի հետ մերձեցումը ռազմավարական նշանակություն ունի՝ կապված նոր գազատարի կառուցման հետ։ Ու եթե ավելի վաղ Ռուսաստանը կարող էր իրեն թույլ տալ ավելի քիչ ուշադրություն դարձնել Թուրքիայի համար այնպիսի զգայական կետին, ինչպիսիք են Ցեղասպանությանը նվիրված տարատեսակ միջոցառումներն ու ակցիաները, ապա հիմա դա այլևս այդպես չէ, որովհետև բացի այդ գազատարի խնդրից՝ Թուրքիան սկսում է շահարկել նաև Ղրիմի անեքսիայի հարցը, էլ չասեմ, որ, լինելով Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը, կարող է նոր փոթորիկ առաջացնել Ռուսաստանի առանց այն էլ հեղհեղուկ շուկայում։

Դրա համար էլ Ռուսաստանը հիմա հա՛մ մեխին է ուզում խփել, հա՛մ նալին՝ փորձելով այնպես անել, որ Հայաստանում էլ գոհ մնան, Թուրքիայում էլ չհիստերիկանան, բայց առնվազն Հայաստանի ու հայության մասով դա լավ չի ստացվում, որովհետև Պուտինի այցը թեև կարևոր է, բայց համապարփակ ու սպառիչ պատասխան չի տալիս նաև այն բացասական դրսևորումներին, որոնց մասին խոսվեց, և այժմ Ռուսաստանն առնվազն մեր մասով կանգնած է մի իրականության առջև, որում նման կիսաքայլերով բավարարվելն առաջիկա տարիներին կբերի նրան, որ վերջնականապես կկորցնի հայաստանյան հասարակության պրոռուսական դիրքորոշումը (նույն կերպ, ինչպես նա կորցրեց բացարձակ պրոռուսականությունը վերջին 10-15 տարիների ընթացքում), կամ էլ ստիպված է լինելու բացի նման բուտաֆորիկ ու հազվադեպ քայլերից, նաև լուրջ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ ուղղել, որպեսզի կարողանա Հայաստանում գոնե այս մակարդակում պահել հանրային դրական ընկալումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել