Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում նյութ է հրապարակել, որն իր բնույթով և բովանդակությամբ պատասխան է լրատվական կայքերից մեկի՝ ՏԿԱԻՆ-ի մասին գրած ապատեղեկատվությանը: 
Այն, որ հայկական շատ կայքեր սիրում են ապատեղեկատվություն տարածել՝ սեփական ցանկությունը կամ ֆանտազիան հաճախ ներկայացնելով որպես իրականություն, հաճախ անտեսելով ինֆորմացիայի աղբյուրի խնդրանքները կամ անգամ ձևափոխելով ասած բառերն ու նախադասությունները, անտեսելով ակնառու փաստերը և այլն, գաղտնիք չէ, և այս առումով իսկապես ասելիք կա դրանցից շատերի մասով:
Նույն առումով լիովին կիսում եմ նաև ՏԿԱԻՆ-ի պատասխանի ընդհանուր ասելիքը և ընդհանուր առմամբ համամիտ եմ գրվածի հետ, սակայն…
Խոսքը գնում է ոչ թե մեկ այլ լրատավական կայքով վերոնշյալ ապատեղեկատու կայքին պատասխանելու մասին, որը կարող էր լինել յուրօրինակ լրագրողական ոճով, այլ խոսքը գնում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ գերատեսչություններից մեկի՝ ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ Իրավիճաների նախարարության ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ մասին:
Մեջբերեմ մի քանի նախադասություններ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված պատասխան-նյութից.
«…և միայն Անալիտիկն էր կիկոսամայր դարձած վարկածա-հարցախեղդ եղել ու անասելի նեղվել իր խորն ու լիքը անալիզներից»։
«Ա՛յ հարգելի ու անտեղյակ Անալիտիկ»։
«Եվ, վերջապես, ամբողջ ափով մեկ հերթապահում էին մեր կամավոր հրշեջ-փրկարարները՝ աղջիկներ և տղաներ, մեր փողային նվագախումբն ու նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ»։
«Մի բաժակ լճում փոթորկի կայֆ որոնող և սեփական անալիզներից ծանր հոգեվիճակում հայտնվող պատվերով համերգի անսլուխ սազանդարներ»։
Որքանո՞վ է հարիր գերատեսչության պաշտոնական կայքում նման ոճով պատասխան-նյութ տեղադրելը: Ի վերջո, պաշտոնական կայքը նախատեսված է միայն պաշտոնական տեղեկատվության համար: Իսկ եթե կարիք կար պատասխանելու կայքերից մեկին, ինչում, կրկնում եմ, ինքս էլ համոզված եմ և կիսում եմ նախարարության մոտեցումը, ապա դա կարելի էր անել համապատասխան կայքերից մեկով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ սիրով անողներ հաստատ կգտնվեին և ոչ թե մեկը, այլ շատերը: Եվ այդ դեպքում պատասխանը կլիներ շատ ավելի դիպուկ և տեղին:
Ի դեպ, նախարարության պաշտոնական կայքում տեղադրված այս նյութն արդեն իսկ հասցրել է ծաղրական արձագանքների արժանանալ սոցցանցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել