Եղանակը թեյային է: Նստած ես տանը, բաժակի մեջ գոլորշի է արձակում թեյը, իսկ լուսամուտից այն կողմ անձրևի հավասարն շիթերն են, որ կապում են երկիրն ու երկինքը: Տեսնես ի՞նչ է անում այս եղանակին Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը:
Չէ որ ցանկացած եղանակ կատակլիզմ է: 
Այ տեսեք` եթե մեր մոլորակում ամեն օր լիներ այսպիսի եղանակ, այսպիսի խոնավություն, այսպիսի անձրև, մարդիկ երբեք չէին կարողանա կառուցել մեծ քաղաքներ, չէին կարողանա ասֆալտ փռել այդ քաղաքներում: Ավելին` եթե անձրևը լիներ ի սկզբանե, այն արարածները, որ հետո պետք է դառնային մարդ, կծածկվեին գորտնուկներով, կունենային խռռիկներ և չէին դառնա հոմո սափիենս: Ի՞նչ կդառնային` չգիտեմ:
Ամեն եղանակ կատակլիզմ է: Սկանդինավցու համար կարող է աղետ թվալ աֆրիկյան սավանայի տապը, իսկ աֆրիկյան դինկա ցեղի ներկայացուցիչը հաստատ կսառի-կմեռնի ինչ-որ տեղ Յակուտիայում, ասենք, -55 աստիճանի ժամանակ: Կամ չի մեռնի, ինչն ավելի լավ է, բայց հաստատ կասի` վայ քու արա, որովհետև այդ եղանակն իր համար իսկական աղետ է: Սա Երկրի մասին:
Իսկ ընդհանրապես` մինչ այժմ ուսումնասիրված մոլորակներում մարդու համար անտանելի եղանակ է: Ու ոչ դինկա ցեղի ներկայացուցիչը, ոչ ֆինը, ոչ էլ նույնիսկ հայը չեն կարող գոյատևել, օրինակ, Վեներայում: և նորից բոցկլտում է հոգուս խորքում մարմանդ ծխացող հարցը` իսկ ինչպիսի՞ն է մեր եղանակը նրանց համար, ովքեր կգան այլ մոլորակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել