Սիրելի՛ հայրենակիցներ, «ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» բարեգործական նախաձեռնության հերթական այցի ընթացքում ականատես եղանք սարսափելի և դառն իրականության: Արցախյան պատերազմի մասնակից, 52-ամյա Մհեր Բուլղադարյանի 13 հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի Ս. Պետերբուրգի 5-1-13 տնակում և ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում: Տանտիկնոջ՝ Մարիամ Բուլղադարյանի մեզ ներկայացված պատմությունը շատ հուզիչ էր, քանի որ այս ընտանիքում ոչ միայն ցամաք հաց վաստակելն է օրախնդիր, այլև առողջական խնդիրներն են գլուխ բարձրանում օրեցօր: Տիկին Մարիամի խոսքերով, հաճախ քաղցած են քնում, քանի որ աշխատանք չունեն, ինչպես նաև զրկված են նպաստից և կողմնակի այլ օգնություններից: Ունեն շատ պարտքեր, իսկ խանութներում այլևս պարտքով ոչինչ չեն տալիս, ի դեպ, մեր այցի ընթացքում տեսանք հերթական պարտատիրոջը, ով եկել էր իր գումարը հետ ստանալու: Նշենք, որ 48-ամյա տանտիկինն ունի առողջական խնդիր, ոտքի կոտրվածքի պատճառով նրան վիրահատել են, և ոտքի մեջ տեղադրված է մետաղյա հատուկ սարք, որը գումարի բացակայության պատճառով չեն կարողանում հանել:

23-ամյա դուստրը ևս ունի առողջական խնդիր՝ թոքերի հետ կապված: Ամենածանր առողջական խնդիրն առկա է տասնամյա դստեր մոտ: Նրա մոտ ախտորոշվել է փսորիազ, կարիք ունի բժշկական հսկողության: Տանտերը՝ Մհեր Բուլղադարյանը, գլխի շրջանում ցավեր ունի և կարիք ունի բժշկական հետազոտության: 30-ամյա ավագ որդին, ով երեք անչափահաս երեխաների հայր է, ունի ստամոքսի խոց: Ընտանիքը գոյատևման խնդիր ունի, քանի որ չեն կարողանում վաստակել հանապազօրյա հացը, ապրում են շատ փոքրիկ տնակում և սարսափելի կենցաղային պայմաններում: 19-ամյա դուստրը երազում է վարսավիրական դասընթացների մասնակցել, որպեսզի կարողանա ընտանիքին փոքր-ինչ օգնի հետագայում: Այս ընտանիքին օգնելու նպատակով դիմում ենք բոլոր բարի և մեծահոգի մարդկանց. Բուլղադարյանների ընտանիքն ունի սննդի, հագուստի, վառելիքի և կենցաղային տարատեսակ պարագաների կարիք: Օգնե՛նք միասին:
«Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան» (Առակ. 3: 27):


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել