Kardashyan in YerevanՄենք՝ հայաստանցիներս, սիրում էինք չարախնդալ Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության, հորից որդուն փոխանցվող իշխանության վրա:

Անցնում են տարիներ, Հայաստանում այդպես էլ ընդդիմությունը չի կարողանում գալ իշխանության, ինչպես ընդունված է ժողովրդավար երկրներում և նույնիսկ հարևան Վրաստանում: Ավելին, այսօր մեկ օրվա ընթացքում երկրի իշխանությունը կարողանում է հասնել նրան, որ, այսպես կոչված, ընդդիմության առաջնորդը մեկընդմիշտ մոռանա քաղաքականության մասին: Այսօր արդեն այլախոհների մի այլ խումբ, դեռևս ոչինչ չարած, ձերբակալվում է: Դե ֆակտո Հայաստանի ներկայիս «ձեռքբերումները» ժողովրդավարության ասպարեզում մեզ այլևս չեն թողնում որևէ բարոյական հիմք՝ հարևան երկրում ձևավորված սուլթանական կարգերի վրա լիաթոք չարախնդալու համար:

Այս ֆոնին բավական հետաքրքիր է Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Անկեղծ ասած՝ չեմ տվայտվում Քիմի ներկայությամբ Ցեղասպանության 100-ամյակին: Համոզված եմ, Քիմն իր բրենդային սև հագուստով շատ ավելի լուրջ դեմքով կճեմի դեպի Ծիծեռնակաբերդ, քան Նժդեհական գաղափարախոսությունը կրող ՀՀԿ-ական կանայք: Եվ առհասարակ, թող Քիմին քարկոծեն նրանք, ովքեր կարծում են, որ նա ամենաանպատկառն է, որ այդ օրը կբարձրանա Ծիծեռնակաբերդ:

Քիմի առաքելության ամենակարևոր հանգրվանը, թերևս, կլինի իր հետույքով Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի և մտավորական Գարեգին Չուգասզյանի ձերբակալության փաստի վրա մի մեծ ստվեր գցելը, և այդպես նա կմեկուսացնի այն մեծ վտանգը, որ սպառնում էր ՀՀԿ տիկնանց 100-ամյա վիշտն ինքնամոռաց սգալուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել