Պարալլելս Ֆիլմ կինոընկերության, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ»  Հայ-Ֆրանս-Բուլղարական խաղարկային կինոնախագիծը ս.թ. մարտի 31-ից ապրիլի 3-ը մասնակցել է Վիլնյուսի միջազգային կինոփառատոնի կողմից ընտրված 16 անավարտ կինոնախագծերի ներկայացման Meeting Point - Vilnius ծրագրում:

Վիլնյուսում ընտրված կինոնախագծերի հեղինակներն ունեցել են նախագիծը ներկայացնելու, հարցուպատասխանի ևհոլովակ ցուցադրելու ժամանակ, նաև հետաքրքրված գործընկերների հետ առանձնազրույցների հնարավորությունՀայկական կինոնախագիծը արժանացել է հրավիրված հյուրերի` կինոփառատոնների սելեկցիոներների, արտադրողների, ֆիլմերի վաճառքով զբաղվող գործակալների ուշադրությանը: Եվրոպական կինոարդյունաբերության լուսաբանման մեջ մասնագիտացած FilmNewEurope (FNE) տեղեկատվական կայք-ցանցն անդրադարձել է 16 անավարտ կինոնախագծերին` առանձնացնելով երեք միջազգային հեռանկարային կինոնախագիծ, այդ թվում` Պարալլելս Ֆիլմի «REMISSION / Լուսավոր Շրջան» ժամանակակից քաղաքային դրաման: Meeting Point - Vilnius-ի շրջանակներում անցկացվող միջազգային կոնֆերանսում ներկայացվել է Եվրոպական կինոլսարանի հետաքրքրությունների վերլուծությունը, որն անցկացվել է 7 երկրներում և ի հայտ է բերել կինոլսարանի նախասիրությունները: Մասնակիցները քննարկել են կինոարդյունաբերության ժամանակակից տենդենցները, մարտահրավերներն ու հեռանկարները: Հյուրերի թվում են եղել ֆրանսիական կինոյի դասական Լեո Կարաքսը, Օսկարակիր Միշել Հազանյավիչյուսը:

ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ կինոնխագիծը Պարալլելս Ֆիլմ կինոընկերության երրորդ լիամետրաժ կինոնախագիծն է` Խճճված Զուգահեռներ 2009 և Կիսալուսնի Ծովածոցը 2014 ֆիլմերից հետո: Այն ժամանակակից քաղաքային դրամա է` ամուսինների փոխհարաբերությունների մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը խորեոգրաֆ է, նրա կինը` ուռուցքաբան, իսկ սիրուհին` իր ներկայացման համար Փարիզից հրավիրված պրիմա պարուհի է, ով հղիանում է գլխավոր հերոսից, և ում մոտ հղիության չորրորդ ամսում կրծքի քաղցկեղ է հայտնաբերվում:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Հովհաննես Գալստյանը և Մարինե Զաքարյանը, աշխատանքներին մասնակցել է նաև կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը: Նախագիծը զարգացել է Եվրոպական կինոյի զարգացման մի շարք ծրագրերով: Հայկական կողմից ֆիլմի պրոդյուսերնեն են Հովհաննես Գալստյանը, Րաֆֆի Նիզիբլյանը, Կարեն Ծատուրյանը: Օպերատորն է Միհրան Ստեփանյանը: Ստեղծագործական խմբում են Մադլեն Խաչատրյանը, Նարեկ Մարտիրոսյանը: Դերասանական կազմը միջազգային է և առայժմ հայտարարվում է միայն հայկական կողմի դերասանների մասին` Արտաշես Ղազանչյան, Վիվյեն Բաստաջյան, Նանոր Պետրոսյան, Սոս Ջանիբեկյան: Դերասանական կազմում ընդգրկվելու է համաշխարհային կինոաստղ, ում անունը կբացահայտվի ֆիլմը էկրան բարձրանալուց առաջ միայն: Հայաստանից կինոնախագծին աջակցում են Մշակույթի նախարարությունը, ազգային կինոկենտրոնը և մասնավոր ներդրողներ: Ֆիլմի նկարահանումները անցկացվելու են Հայաստանում և Ֆրանսիայի հարավում, ստորջրյա նկարահանումները` Սև ծովի ընդերքում: Ֆիլմը էկրան կբարձրանա 2016-ին:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել