Հեռուստամեկնաբան, լրագրող Արտակ Հերիքյանի ընտանիքը շատ հյուրընկալ է։) BlogNews.am-ը սրանում համոզվեց, երբ հարցազրույցի ու ֆոտոշարքի համար հյուրընկալվեց նրանց տանը։ Արտակի ու Նինայի դուստրը՝ Մանեն, 6 տարեկան է և արդեն իր կանոններն է սահմանում ծնողների համար՝ այդպիսով նպաստելով տան ներդաշնակ մթնոլորտին։


- Արտակ, նախնական զրույցում ասացիք, որ ամեն օր ժամը 9-ից տանն եք լինում: Դուք Ձեր տեսակով տնակյա՞ց եք, թե՞ տարիների ընթացքում եք այդպիսին դարձել:

- Շատերը նույնիսկ զարմանում են, թե ինչպես եմ այդպես արագ աշխատաքից հետո տուն հասնում։) Ես միշտ սիրել եմ տունը, որովհետև ինձ կատարյալ եմ զգացել իմ տանը, սակայն երիտասարդության շրջանում, բնականաբար, եղել են խնջույքներ, քեֆեր, գիշերները տուն չգալ... Տան հետ ավելի շատ կապվել եմ դստերս՝ Մանեի ծնվելուց հետո։ Բացի այդ, կինս փոքրիկ խորամանկություն ունի. միայնակ չի ընթրում և միշտ սպասում է ինձ։

- Ինչպե՞ս են անցնում Ձեր ընտանեկան երեկոները, ժամանցը:

- Ընթրիքից հետո Մանեն փոքրիկ համերգ է տալիս, հետո բարձրանում է ուսերիս։)  Նա պահանջում է, որ խաղամ իր հետ՝ բժիշկ-բժիշկ, տունտունիկ... Ընդ որում՝ եթե անգամ հոգնած եմ և փորձում եմ պասիվ «հիվանդ» լինել, Մանեն այնպես է անում, որ խաղի ակտիվ մասնակից դառնամ։). դիմադրեմ «բժշկին», փախչեմ: Ինքս էլ ձգտում եմ ազատ ժամանակս նրա հետ անցկացնել։  

- Դրսում հաճա՞խ եք լինում։

- Մեծ հաշվով՝ ավելի շատ տանն ենք լինում, սակայն ամսվա մեջ գոնե մեկ-երկու անգամ դրսում ենք ընթրում։ Մանեն «պահանջում» է, որ իրեն տանենք խաղահրապարակներ, նկարչական սրահներ։ Հատկապես գարնան վերջին ու ամռանն ենք դրսում շատ լինում։

- Իսկ Դուք ի՞նչ պահանջներ եք ներակայացնում Մանեին. ինչո՞վ է նա զբաղվում: Որպես ծնողներ միջամտո՞ւմ եք՝ Մանեն ինչ պարապմունքների գնա, ինչ զբաղմունքներ ունենա, թե՞ ազատ ընտրության հնարավորություն եք տալիս:

- Մանեն դեռ ոչ մի պարապմունքի չի գնում, միայն քոլեջ է հաճախում։ Փորձում ենք առաջնորդվել իր նախասիրություններով։ 4 տարեկանում նրան տարանք պարի, քանի որ ինքն էր ուզել, հետո հրաժարվեց։ Որևէ կոնկրետ բան նրան չենք սովորեցնում, պարտադրում։ Միակ հարցը, որում շատ խիստ եմ՝  լավ հայերենով խոսելն է: Նկատի չունեմ գրքային հայերենը:   Չեմ ուզում, որ խառնի հայերենը, անգլերերնն ու ռուսերենը։

- Այլ հարցերում խի՞ստ եք։

-Ես «բոբո» հայրիկ ու ամուսին չեմ։ Կարծում եմ` մեղմ եմ,  բայց  կա մի  սահման, որից այն կողմ անտանելի եմ։ Թե՛ կինս՝ Նինան, թե՛ աղջիկս՝ Մանեն, գիտեն դա և չեն անցնում այդ կարմիր գիծը։

- Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչն եք առաջնային համարում:

Փորձում եմ որքան կարող եմ նպաստել նրա աշխարհաճանաչողությանը: Ուզում եմ այդ ճանապարհին  կարևոր ուղեկից լինել, խորհրդատու, բայց ոչ թելադրող:

Մենք զրուցում ենք՝ ինչ է բալետը, օպերան, ով է Հիսուս Քրիստոսը, աշխարհամասերն ենք ուսումնասիրում, բայց ես նրան չեմ ասում՝ պետք է սիրես բալետ, աշխարհագրություն կամ անպայման հավատաս Քրիստոսին։

Երբեմն նրա մեջ ճանաչում եմ ինձ. ուրիշին չնեղացնելու, չվիրավորելու արտահայտված բնավորությունը կարող է ստվերել նրա եսը: Զարմանալի է` նրա տարեկիցներից շատերն արդեն ճանաչում են փողը, ուզում են կուտակել, իսկ Մանեն բացարձակապես չի հետաքրքրվում դրանով։ Երբ նրան հարցնում ենք՝ ի՞նչ  ես ուզում, ասում է՝ ոչինչ, ես ամեն ինչ ունեմ։  Չգիտեմ՝ մեր այս աշխարհում  լա՞վ է, թե՞ վատ  քչով  բավարարվելը: Ժամանակի հետ աշխարհում, կարծես, ավելի իշխող են դառնում ջունգլիների բարքերը։ Ներողամիտ, նրբանկատ տեսակն իրեն ենթարկում է մրցակցությունից դուրս մղվելու վտանգին: Չեմ ուզում շատ ակտիվ միջամտություններով խանգարել նրան այսօրվա աշխարհին ներդաշնակ, կենսունակ որակներ ձեռք  բերել: Բայց ուզում եմ, որ հավատարիմ մնա իր տեսակին:  

- Այս առումով տարաձայնություններ ունենո՞ւմ եք Ձեր կնոջ հետ:

- Ընդհանուր առմամբ՝ մեր մոտեցումները նույնն են։ Մենք տարաձայնություններ ու վեճեր ունենում ենք, երբ Մանեն հիվանդանում է։ Ես աշխարհի մեղադրանքները տեղում եմ Նինայի գլխին։ Գիտեմ, որ վատ եմ անում, նա մեղավոր չէ, որ երեխան հիվանդացել է,  բայց շատ եմ բարկանում։ Ստացվում է պատերազմ՝ ոչնչից։

- Ընտանեկան վեճեր ունենում են բոլորը: Ձեր տանն ուրիշ ի՞նչը կարող է կոնֆլիկտի առիթ հանդիսանալ։

- Նորից պետք է խոսեմ Մանեի «պահանջներից»:) Նա թույլ չի տալիս, որ մենք կռվենք։ Եթե նույնիսկ բարձր տոնով ինչ-որ բան եմ ասում Նինային, Մանեն թողնում է խաղն ու գալիս, բերանս  բռնում, որ չկարողանամ խոսել։ Մայրիկին էլ կարող է ասել՝  պապայիս մի նեղացրու։ Մանեն մեզ «ճնշած» է պահում. եթե նա տարածքում է, վեճերը չեն կարող հասնել ափսեներ կոտրելուն:)

- Այլ դեպքերում հասնո՞ւմ են:)

-Չէ, վախենում ենք, ի վերջո, նա տուն է գալու:)

- Արտակ, վերջերս Ձեր աղջիկը խնդրել էր, որ իրեն դասական անակնկալ մատուցեք: Հաճա՞խ եք անակնկալներ մատուցում Ձեր ընտանիքի անդամներին:

-  Սիրում եմ անակնկալներ մատուցել։ Կարող եմ առավոտյան արթնանալ ու նախաճաշ պատրաստել աղջիկների համար, բայց շատ սիրուն նախաճաշ, որպեսզի նրանք հիշեն դա, ու եթե մի օր ինձ լավ չպահեմ, ներեն ինձ։ Մանեն նաև պահանջում է անակնկալներ, ասում է՝ պապ, մի անակնալ եմ ուզում, ասում եմ՝ ի՞նչ անակնկալ, ասում է՝ դե, մի դասական անակնկալ:) Նա շատ է սիրում ծաղիկներ, կամ երբ անսպասելի տոմսեր եմ գնում ու տանում ներկայացման։

- Նույնքան պահանջկո՞տ եք, որ Ձեզ էլ անակնկալներ մատուցեն։

- Ես պահանջկոտ չեմ, բայց Նինան պահում է փոխադարձության սկզբունքը։

- Մանեն  Փարիզում է ծնվել, Ֆրանսիայի քաղաքացի՞ է:

- Ոչ։ Մանեն քաղաքացիության համար չէ, որ ծնվել է Ֆրանսիայում։ Նա այնտեղ ծնվեց, որովհետև այդ ընթացքում մենք գործուղվել էինք Ֆրանսիա։ Երբ նա 4 ամսական էր,  եկանք Հայաստան, վերցրինք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ու վերադարձանք Ֆրանսիա։ Նա փարիզցի է՝ հայկական անձնագրով։

- Դա Ձեզ համար սկզբունքայի՞ն հարց էր։

- Այո։ Ինձ ցավ էր պատճառում, երբ արձագանքներ էի ստանում՝ օ՜, ինչ լավ եք մտածել, որ երեխան Ֆրանսիայում ծնվի։ Բայց ես հո օլիգարխ չե՞մ, որ մտածեմ՝ Փարիզո՞ւմ  կազմակերպել կնոջս ծննդաբերությունը, թե՞ Միացյալ Նահանգներում։ Մեկն եմ, ով աշխատանքի բերումով Ֆրանսիայում էր: Ու երբ ասում էին՝  երեխայի քաղաքացիության հարցը շատ կարևոր է, լուծեք այն, նոր վերադարձեք Հայաստան,  պատասխանում էի՝ մինչև Մանեն դառնա  18 տարեկան,  բոլոր ֆրանսիացիները երազելու են դառնալ ՀՀ քաղաքացի։  Այն ժամանակ ես անկեղծորեն հավատում էի դրան, հիմա էլ եմ ուզում հավատալ, ու սրա մեջ ոչ մի պաթոս չկա։ Արտագաղթելու  այդ բարեկամական  հորդորները  շատ ցավալի են  մեկի համար, ով Հայաստանի անկախացումը որպես անձնական ուրախություն էր տոնել:

Խորհրդային դպրոցում ես հայտնի էի իմ «ռուսոֆոբիայով». չէի ուզում սովորել ռուսերեն։ Այն ժամանակ ռուսախոսությունն ու սնոբիզմն ինձ համար հոմանիշներ էին: Դա գարշանք էր առաջացնում։ Երբ մայրս երկրորդ դասարանում  ինձ հարցրեց՝ ինչո՞ւ չեմ սովորում ռուսերեն, իմ  պատասխանն էր՝  հայերեն այբուբենի տառերն ավելի շատ են, քան ռուսերենինը, ինչո՞ւ են բոլորը ռուսերեն խոսում, ոչ թե հայերեն։ Անկախությունն իմ հաղթանակն էր, հայերենի հաղթանակը ռուսախոսության քաղքենի դրսևորումների հանդեպ:

- Ամուսությունից հետո տևական ժամանակ ապրել եք Փարիզում: Եվրոպայի մենթալիտետն ի՞նչ է փոխել Ձեր կենցաղում, ընտանեկան կյանքում:

- Երբ Փարիզը նախաճաշում է, ճաշում և ընթրում, դու ուրիշ ոչինչ չես կարող անել, բացի սնվելուց:  Ճաշի ժամը չի կարելի խախտել: Մենք էլ ստիպված ավելի ճիշտ էինք սնվում, իսկ հիմա արդեն մեծ հաջողությամբ վերադարձել ենք ակունքներին։ Մենք ֆրանսիացիների պես ճիշտ սնվել չսովորեցինք, բայց ֆրանսիական խոհանոցի որոշ կերակրատեսակներ շատ սիրեցինք ու հաճախ պատրաստում ենք, նաև՝ շատ գինի խմել սովորեցինք։ Սկզբում մենք գնացել էինք մեկ տարով, և երբ ամեն տարվա վերջում պարզվում էր՝ դեռ պետք է մնանք  այնտեղ, Նինայի արցունքները հոսում էին շատրվանների պես։ Արդեն այստեղ հաճախ են արցունքներ հոսում, որ գնանք Փարիզ։

- Ամենաշատն ի՞նչն եք կարոտում այնտեղ։

- Նախորդ տարի ծրագրում էինք մեր ամառային ուղևորությունը, և մտածում էի, որ փոքր բյուջեով համեստ մի տեղ կգնանք՝ ամենամոտ ծովափը, սակայն մի երեկո Նինան անկեղծացավ, որ շատ է կարոտել Փարիզը։ Ես հենց այդ պահին փոխեցի ծրագրերն ու համակարգչով պատվիրեցի ամենաէժան տոմսերը։ Նա ուղղակի ուզում էր Մանեի հետ անցնել նույն փողոցներով, որտեղ եղել ենք, երբ նա շատ փոքր էր։

- Արտակ, մի առիթով ասել եք, որ թեև ներողամիտ մարդ եք, երբեք չեք ների, եթե նեղացնեն Ձեր դստերը: Որպես հայր՝ սեփականատեր ու խանդո՞տ եք, ինչպես հատուկ է հայ տղամարդկանց։)

- Դա բնական է. երբ Մանեն իմ աչքի առաջ լույս աշխարհ եկավ, և տեսա այդ հրաշքը, անծանոթ հուզմունքի, հակասական զգացողությունների հանրագումարում գիտակցությանս մեջ միայն մի բան էր՝ ես նրա համար մարդ կսպանեմ։ Մի բան, որը երբեք մտքով չէր անցել։ Կարծում եմ՝ դա բոլոր հայրերն ունեն իրենց դստրերի հանդեպ, սակայն սեփականատիրական զգացողություն չունեմ։ Ես 4 քույր ունեմ,  ու հայրս միշտ ասում էր, որ աղջիկն ունի անուն ու հայրանուն, սակայն չունի ազգանուն և կրոն։ Ես էլ եմ հասկանում, որ հետագայում նա ուրիշ ընտանիք է գնալու։

-Ձեր փոքրիկ ընտանիքում ձևավորված ավանդույթներ ունե՞ք:

- Փարիզում ամեն կիրակի առավոտյան գնում էինք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ պատարագից հետո  եկեղեցու բակում սուրճ էինք խմում, զրուցում մարդկանց հետ: Էնտեղ դա քո հայ լինելը ցույց տալու միակ ձևն էր։ Հիմա էլ ենք փորձում ամեն կիրակի գնալ եկեղեցի։ Վերջին 2 տարում մայրս տեղափոխվել է իմ հայրական տուն՝ ապրելու քրոջս և նրա դստեր հետ, ամռանը շաբաթ կիրակի օրերին գնում ենք այնտեղ ընթրելու, ձմռանը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին մայրս է այցելում մեզ։

-Կենցաղային հարցերով զբաղվո՞ւմ եք, թե դա վստահել եք Նինային։

-Այդ ամենով Նինան է զբաղվում, չեք տեսնո՞ւմ՝ ինչ լավ մարզավիճակում է։) Սակայն եթե օրինակ, ընթրիքը ես եմ պատրաստում, գնումները ես եմ անում։

-Դուք խոսել եք Ձեր կնոջ զոհողութան մասին, երբ նա իր կարիերան զոհաբերեց Ձեզ հետ Փարիզ մեկնելու համար, իսկ Դուք ի՞նչ զոհողության եք գնացել հանուն նրա:

-Ես Նինայի համար ոչ մի զոհողություն չեմ արել, քանի որ առիթ չի եղել։

- Ո՞վ է ավելի շատ զիջում Ձեր ընտանիքում:

-  Երկուսս էլ անզիջում ենք, սակայն երկուսս էլ չենք անցնում կարմիր գիծը։ Երբ Նինան տեսնում է, որ ես հիմա կարող է պայթեմ, այդ պահին լռում է, թեև իր համոզմունքը չի փոխում։ Մի ուրիշ հարցում էլ կարող է ես զիջեմ։ Ինչ-որ մի բան որոշ ժամանակ հանդուրժեմ, սակայն երբեք չգիտես՝ երբ կպայթեմ։ Այդ իմաստով ես անկանխատեսելի եմ, ու Նինայի համար մի քիչ դժվար է։

- Մեր զրույցի ընթացքում կարևոր գծով գնում էր Մանեն, քանի որ Ձեր ընտանիքի կարևոր մասն է։ Երկրորդ երեխայի մասին մտածո՞ւմ եք, որպեսզի նա էլ մենակ չմնա։

-Անշուշտ մտածում ենք։ Մանեն թույլ չի տալիս, որ չմտածենք։) Նա ամեն օր քույրիկ է պահանջում, մանկապարտեզում ամեն օր նկարում է՝ հայրիկ, մայրիկ, Մանե և քույրիկ։ Երբ ասում եմ՝ Ման, գուցե եղբա՞յր, քամահրանքով ասում է՝ լավ, քույրիկ, հետո մի հատ էլ ապերիկ, հետդ կտանես գործի։)

- Որպես հայ տղամարդ ուզում եք անպայման տղա՞ երեխա ունենալ։

- Ինձ համար դա սկզբունքային չէ։ Եթե ես 5 աղջիկ էլ ունենամ ու որդի չունենամ, էլի ինձ կհամարեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել