Առաջին դարի հրեա պատմիչ, փարիսեցիական աղանդի ներկայացուցիչ Հովսեպոս Փլավիոսը իր «Հրեական հնախոսություն» գրքում հիշատակում է Հիսուս Քրիստոսի մասին։ Հովսեպոսը գրել է. «[Քահանայապետ Անանիան] հրավիրեց Սինեդրիոնի դատավորներին և նրանց առաջ բերեց Հակոբոս անունով մի մարդու՝ Քրիստոս կոչվող Հիսուսի եղբորը» («Հրեական հնախոսություն», XX, 200)։ Այո՛, լինելով փարիսեցի՝ մի աղանդի անդամ, որի շատ կողմնակիցներ Հիսուսի ճանաչված թշնամիներից էին, նա ընդունում էր «Հակոբոսի՝ Հիսուսի եղբոր» գոյությունը։
Հիսուսի ազդեցությունը երևում է նրա հետևորդների գործերից։ Երբ Պողոս առաքյալը մ.թ. 59 թ. բանտարկված էր Հռոմում, հրեաների գլխավորները նրան ասացին. «Այդ աղանդի համար մեզ հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում» (Գործք ԻԸ ։17–22)։ Նրանք Հիսուսի աշակերտների մասին ասում էին ‘այդ աղանդը’։ Եթե ամեն տեղ նրանց դեմ էին խոսում, աշխարհիկ պատմիչները, բնական է, գրած կլինեն նրանց մասին, այդպես չէ՞։
Տակիտոսը, որ ծնվել է մ.թ. մոտ 55 թ.–ին և համարվում է աշխարհի մեծագույն պատմիչներից մեկը, հիշատակում է քրիստոնյաներին իր՝ «Տարեգրություններ» աշխատության մեջ։ Պատմելով, որ մ.թ. 64 թ.–ին Ներոնը մեղադրեց քրիստոնյաներին Հռոմը հրդեհելու մեջ՝ Տակիտոսը գրել է. «Ներոնը մեղադրեց և ամենասարսափելի տանջանքների ենթարկեց մարդկանց մի խմբի, ովքեր ատված էին իրենց զզվելիությունների համար. հասարակությունը նրանց անվանում էր քրիստոնյաներ։ Քրիստուսը, որի անունը նրանք կրում էին, ամենախիստ պատժին արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում՝ մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»։ Այս հաղորդագրության մանրամասները համապատասխանում են Աստվածաշնչում Հիսուսի վերաբերյալ գրված տեղեկություններին։
Մեկ այլ անձնավորություն, որ գրել է Հիսուսի հետևորդների մասին, Պլինիոս Կրտսերն է՝ Բութանիայի կառավարիչը։ Մոտավորապես մ.թ. 111 թ.–ին Տրայանոս կայսրին ուղղված իր գրության մեջ Պլինիոսը հարցնում էր, թե ինչպես վարվել քրիստոնյաների հետ։ Պլինիոսը գրում է, որ նրանք ովքեր քրիստոնյաներ չէին, բայց սխալմամբ մեղադրվում էին դրանում, պատրաստ էին կրկնելու աստվածներին ուղղված աղոթքներ և խոնարհվելու Տրայանոսի արձանի առջև, միայն թե ապացուցեին իրենց ոչ քրիստոնյա լինելը։ Նա շարունակում է. «Սակայն, նրանք, ովքեր իսկապես քրիստոնյաներ են, նշված բաներից ոչ մեկում զիջումների չեն գնում»։ Դա վկայում է այն մասին, որ Քրիստոսն իրականում գոյություն է ունեցել, և նրա հետևորդները պատրաստ են եղել իրենց կյանքը տալ նրա հանդեպ իրենց ունեցած հավատի համար։
Հիսուս Քրիստոսի և նրա հետևորդների մասին առաջին և երկրորդ դարերի պատմիչների հիշատակումներն ամփոփելով՝ «Բրիտանական հանրագիտարանը» (2002 թ. հրատարակություն) հետևություն է անում. «Իրարից անկախ այս արձանագրություններն ապացուցում են, որ հին ժամանակներում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսն իրականում գոյություն է ունեցել։ Դա առաջին անգամ անհիմն կերպով կասկածի տակ է դրվել 18–րդ դարի վերջին, 19–րդ դարում և 20–րդ դարի սկզբին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել