Լրատվության առանձին միջոցներ և լրագրողներ անցած օրը փորձում էին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի կողմից կառավարության եզրակացության վերաբերյալ հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ: 
Հարցադրումներն անպատասխան չթողնելու և մեր դիրքորոշումը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ կառավարության իրավական եզրակացությունները որևէ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ նպատակ ունեն բացառապես նպաստելու ճիշտ օրենսդրական քաղաքականությանը և առավել կատարյալ օրենքներ ունենալուն: Քանի որ ցանկացած իրավական խնդրի, օրենսդրական կարգավորման նախագծման ընթացքում առաջացող հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ, երբեմն՝ հակադիր, մենք բնական ենք համարում դա և նույնիսկ օգտակար ենք գտնում գաղափարների բախումը՝ որպես առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ հայտնաբերելու ճանապարհ:
Ցավում ենք, որ իրավական դիրքորոշման մեջ պարունակվող որոշ վերլուծություններ ընկալվել են այլ, ոչ մասնագիտական կամ իրավական հարթության մեջ: 
Բացառապես հարգալից վերաբերմունք ունենալով ինչպես պարոն Մարուքյանի, այնպես էլ Ազգային Ժողովի որևէ պատգամավորի նկատմամբ՝ վստահ ենք, որ միայն փոխադարձություն ենթադրող նման աշխատանքային համագործակցությունը կարող է արդյունավետ լինել:

Հ.Գ.
Իմ անձնական վերաբերմունքն Էդմոն Մարուքյանին պայմանավորված է ոչ միայն պատգամավորի կարգավիճակով, այլև նրա անձնական, բարոյական և մասնագիտական բարձր հատկանիշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել