Tert.am-ը գրում է.

Այսօր Ծաղկազարդ է: Ըստ qahana.am-ի Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10): 

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: 

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արեւելքից մոգերի բերած ընծաները: 

Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տոնի ազգային նշանակությանը, նշեց, որ Ծաղկազարդն անվանում են նաև Ծառզարդար: Նա նշեց, որ այս տոնը ձմռան հաղթանակի օրն է և հաստատում է գարունը: 

«Նախկինում նորապսակ երիտասարդները, նշանված տղաները նախատոնակին` տոնին նախորդող օրը,  արմատախիլ էին անում նոր բողբոջած ուռենիները, և ոչ թե ծաղկող ծառերը, բերում էին եկեղեցի և զարդարում էին այն ամբողջությամբ: Այնուհետև հետևում էին, որ անչափահաս տղաները չխանգարեն: Իսկ վերջիններս փայտից ինքնաշեն խաղալիքներ էին պատրաստում, որոնք պտտելիս ճռճռոց էին   առաջացնում, որոնք հենց այդպես էլ անվանում էին` ճռճռան, և դա տոնի պարտադիր մասն էր»,-ասաց նա։ 

Ազգագրագետը նշեց, որ դա բացատրվում էր նրանով, որ ցանկացած տոնի ժամանակ աղմուկ հանող առարկաները` ընդհուպ մինչև եկեղեցու զանգերը,  ունեին չար ուժերին վանելու նշանակություն: Նա պատմեց, որ այնուհետև եկեղեցի եկողները վառում էին մոմեր և փակցնում այդ ուռենու ծառերի ճյուղերին, և լինում էր ուռենու օրհնության ծեսը: 

Արմենուհի Ստեփանյանի խոսքով՝ քանի որ ամբողջ պահքի ընթացքում նշանադրություններ, ամուսնություններ տեղի չէի ունենում, այս օրը միակն էր, որ նշանախոսություններ էին տեղի ունենում:

«Նշանվող աղջկան եկեղեցու բակում մոտենում էր սկեսուրը  կամ տղայի բարեկամներից որևէ կին և նրան հետաքրքիր ձևով նշանի մատանին էր տալիս: Մոմից պատրաստում էին ծառի տեսքով առարկա, և մատանին փակցում էին ճյուղերից մեկին ու մատուցում էին աղջկան և գլխին գլխաշոր էին գցում, ու աղջիկը համարվում էր նշանված»,-ասաց նա և նշեց, որ այս օրը բացի մանուկների օրհնության օրը լինելուց ամուսնության տարիքին մոտեցող երիտասարդներին էլ է վերաբերում: 

Ազգագրագետն ասաց, որ Տավուշի հեռավոր գյուղերում, Արցախում որոշ բաներ պահպանվում են:  Նա նկատեց, որ հիմա ուռենու ճյուղերը եկեղեցու բակից դուրս վաճառվում են, ինչը ավանդական կարգի խիստ խախտում է համարվում, որովհետև այն չի կարելի վաճառել, այլ պետք է բաժանել: 

Նա նշեց, որ նախկինում պարտադիր չէր, որ ուռենու ճյուղերը լինեին օղակաձև և տանը պահում էին մինչև հաջորդ տարի: «Այն համարվում էր բարեբեր, թեթևակի հպում էին կենդանիներին, որ ավելի կաթնառատ լինեին, հավերին` որ ձվառատ լինեին: Եթե գարնանը հեղեղաբեր անձրևներ էին լինում, այդ ուռենու ճյուղերը դուրս էին գցում և այն դադարում էր, հիվանդին էին հպում, որ ապաքինվի»,- ներկայացրեց նա և նշեց, որ այս օրը նորապսակ հարսներն առաջին անգամ թույլատրվում էր գնալ դարձ: 

Ազգագրագետի խոսքով` այս օրն ուներ նաև տոնական ուտեստ. խառնուրդ էին պատրաստում տարբեր հատիկեղենից` խաշած ցորենից, սիսեռից, և բաժանում էին միմյանց: Նա պատմեց, որ ադաթ կար, որ նախընթաց գիշերը յոթ աղբյուրից ջուր էին հավաքում և ծաղիկների էին դնում այդ ջրի մեջ, որը թողնում էին ամբողջ գիշեր երկնքի տակ` հավատալով, որ այդ ջուրը կախարդական բուժիչ հատկություն ունի: 

«Երեխաների մի խումբ փոքրիկ պարկերը շալակներին երգելով շրջում էին տնետուն, և ճռճռացնելով խաղալիքները` հավկիթ էին հավաքում Զատկի համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել