«Քաղաքացիական անհնազանդություն» եզրույթը քաղաքականության մեջ ներմուծել է Մահաթմա Գանդին, ով մերժում էր ազատագրական պայքարի զինված և կոնֆլիկտային տարբերակը` առաջարկելով դրան հասնել զանգվածային միջոցառումների և բողոքի ակցիաների միջոցով: Ի վերջո, Գանդին հասավ Հնդկաստանի ազատագրմանն անգլիական լծից: Այն, որ մեր քաղաքական իրականության մեջ որոշ անհատներ ձգտում են օգտագործել այս եզրույթը, փորձելով ներկայացնել դրա իմպրովիզացված տարբերակը, բավականին կասկածելի է գոնե ինձ համար: Ես որևէ անձնական նախապատվություններ չունեմ «Նախախորհրդարան» կոչվող կառույցի և գործունեության նկատմամբ, սակայն իմ խորին համոզմամբ, այն մեթոդները, որոնք կիրառում է այս շարժումը, անկախ նպատակների կարևորությունից և իրավացիությունից, կառուցողական չեն և կարող են հանգեցնել ոչ թե իշխանափոխության, այլ առանց այն էլ լուրջ խնդիրներ ունեցող տնտեսության կաթվածահար լինելուն: Տնտեսագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ բանկային համակարգի անկումը կհանգեցնի ոչ թե (կամ ոչ միայն) իշխանափոխության, այլ (այլև) երկրի տնտեսության փլուզմանը: Մի խոսքով, «Քաղաքացիական անհնազանդության» տեսությունը ենթադրում է ոչ միայն պայքարի ոչ բռնի մեթոդներ, այլև կառուցողական և տրամաբանական մեթոդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել