Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ  սահմանամերձ համայնքներում ապաստարանների կառուցման խնդրին:

«Դրանք փայտյա կառույցներ են ու չեն բավարարում գյուղացիներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ օրինակ դպրոցների ապաստարաններում քիչ մարդ կարող է գտնվել, չնայած նրան, որ վերջերս դրանք մշտապես կրակահերթեր են լինում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ նշված խնդիրներն իրականացվում են ՀՀ քաղաքացիական պաշտպանության օրենքի համաձայն:

«Քանի որ 2014-15 թթ-ը ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ու Արցախում լարվածության աստիճանը բարձր է եղել, անկասկած, այդ կրակահերթերն ու լարվածությունն իր ազդեցությունն է ունենում նաև սահմանային բնակչության վրա։ Ասել է թե, քաղպաշտպանության խնդիրներն այսօր պետք է առաջնահերթ խնդիրներից լինեն»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախարարության կողմից ուսումնասիրվել են բոլոր սահմանամերձ բնակավայրերը, թե որոնք ապաստարանի խնդիր ունեն. «Մենք ունենք 26 սահմանամերձ բնակավայրեր, որոնք իրենց վրա զգում են հակառակորդի կրակոցները. դրանցից 21-ը Տավուշի մարզում է, 5-ը՝ Վայոց ձորում, Սյունիքում և 1-ը՝ Արարատում»:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունը և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը միասին ստեղծել են աշխատանքային խումբ, որ իրականացնում է համապատասխան աշխատանքներ՝ ուսումնասիրելու քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու ապաստարանների վիճակը՝ առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերում:

Փոստանջյանն արձագանքեց, որ խոսել է սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետի հետ, ով հայտնել է, որ բնակչությունը հազարից ավելի է, իսկ նախարարության կողմից կառուցված ապաստարանը չի բավարարում. կբավարարի մոտ երկու հարյուր մարդու:

Նախարարը հավատացրեց, որ խնդիրները 2015 թ-ի ընթացքում կիրականացվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել