«Սիրո գերին» հեռուստասերիալում Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանը 17 տարեկան է։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո նա դուրս է եկել դպրոցից ու դիմահարդարման դասընթացների գնացել, սակայն մասնագիտությամբ զբաղվել չի հասցրել։ Նրան այլ ճանապարհ էր սպասվում... BlogNews.am-ը հետաքրքիր զրույց ու ֆոտոշարք է իրականացրել Մարինկայի հետ:)

«Ընկերներիցս մեկից իմացա, որ սերիալի համար քասթինգ է անցկացվում և կապուտաչյա, շեկ աղջկա են փնտրում ու մասնակցեցի։ Ինձ համար շատ անսպասելի էր, որ  հենց ինձ ընտրեցին։ Կարծում եմ՝ արտանքինս ունեցավ իր ազդեցությունը,, քանի որ ես նման էի ռեժիսորի ցանկացած կերպարին, երևի նաև վստահ էին, որ կարող եմ խաղալ, դրա համար ինձ ընտրեցին»,- նշեց Մարինկան ու Արփիի կերպարը շատ հոգեհարազատ է իրեն։ «Եթե չհասկանայի՝ ինձանից ինչ են ուզում, չէի համաձայնի խաղալ։ Ես հաճույքով եմ խաղում այս դերը ու ուրախ եմ, որ այն իմն է։ Բոլորն ինձ սիրում են որպես Արփի, հաճախ, նույնիսկ մոռանում են իսկական անունս, սակայն ես դրանից չեմ նեղվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրականում հաճախ չի լացում։

Մարինկան ապրում է մայրիկի հայրիկի, եղբոր, տատիկի և պապիկի հետ։ Նրա խոսքով՝ տանեցիների կարծիքը սկզբում միանշանակ չի եղել կարիերայի հանդեպ։ «Սկզբում եղբայրս էր մի քիչ երկմտում, բայց հասկացավ, որ սա իմն է։ Երբ տանը զգացին, որ ես ուզում եմ առաջ գնալ, կայանալ այս ասպարեզում, էկրանից էլ տեսան, որ դա կա իմ մեջ, ըմբռնումով մոտեցան։ Կարծում եմ՝ այս դեպքում առաջնայինը վստահությունն է, որը ես ունեմ»,- ասաց նա։

Սերիալային դերասանուհին նշեց, որ միշտ հետաքրքրվել է շոու բիզնեսի անցուդարձով, սակայն չի մտածել, թե դերասանուհի կդառնա։ «Օրս սկսվում է երգելով ու պարելով։) Շատ եմ սիրում երգել ու պարել, 7 տարի ժամանակակից պարերի եմ գնացել ու մտածում էի՝ այդ գծով կշարունակեմ։ Մտքովս անգամ չէր անցնում, որ կներկայանամ որպես դերասանուհի։ Ինձ գրավեց այն, ինչ կատարվում է շոու բիզնեսում՝ նկարահանումների գնալը, այնտեղի անցուդարձը, չեմ հերքի՝ նաև հայտնի դառնալը։ Ինձ թվում է՝ դերասան ոչ թե դառնում են, այլ ծնվում։ Երևի ինձ մոտ ստացվում է դա, գուցե ես այդպիսին էի ծնվել, ուղղակի փորձ չունեի և չէի զգում»,- ասաց նա ու նշեց, որ իրեն կայացած դերասանուհի չի համարում։

Ըստ Մարինկայի՝ հայտնիությունն իրեն տվել է ժողովրդի սերը, սակայն ինքը չի փոխվել։ «Ես նույն Մարինկան եմ, կապ չունի, որ խաղում եմ սերիալում ու ինձ ճանաչում են, իմ անձը չի փոխվել։ Ընկերներս նույնպես չեն փոխվել, հավանաբար, ես  չեմ փոխվել, դրանից է»,- ասաց նա ու նկատեց, որ իր շրջապատում շատ մարդիկ կան, սակայն քչերին է իրեն իսկապես հարազատ։ Սերիալային դերասանուհու խոսքով՝ ընտանեկան կամ անձնական հարցերով չի սիրում խոսել ընկերների հետ, միայն շատ մտերիմ մարդկանց հետ կարող է այդքան բաց շփվել։ Ինչ վերաբերում է հայտնի գործընկերներին՝ Մարինկան նշեց, որ ավելի մտերմացել է նրանց հետ, ում հետ ավելի շատ է համագործակցում՝ Սոֆյա Պողոսյանի, Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Հայկ Հովհաննիսյանի, Բեն Ավետիսյանի, Տիգրան Մնացականյանի, Գայանե Բալյանի։

Ըստ Մարինկայի՝ շատ կոմպլեքսավորված է եղել, սակայն սերիալում նկարահանվելու ընթացքում բացվել է։ «Անգամ բեմի վրա պարելու ժամանակ կոմպլեքսավորվում էի  ու ինձ չէի պատկերացնում այս ասպարեզում,- ասաց նա ու հավելեց, որ այժմ էլ կոմպլեքսներ ունի։ -Չեմ նկարահանվի բաց, համբույրի տեսարաններում։ Ես ազատ եմ իմ չափով՝ իմ ընկերների, հարազատների հետ, սակայն ունեմ իմ չափը։ Ես անում  եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ինձ համար ազատությունը դա է»։ Մարինկան նշեց նաև, որ հայտնիությունը չի փոխել իր առօրյան, հիմա էլ նա օգտվում է երթուղայիններից, լինում այն վայրերում, որտեղ նախկինում։ «Իհարկե, շատ ուշադրությունից երբեմն կոմպլեքսավորվում եմ, ինձ այնքան ազատ չեմ զգում, ինչպես առաջ, բայց մարդկանց սերը շատ հաճելի է»։

Սերիալային դերասանուհին խոստովանում է, որ այս ոլորտում աշխատելուց հետո հասունացել է, ավելի խելացի է մտածում, քանի որ շփվում է տարբեր մարդկանց հետ։ «Երդ դիմացինդ ավելի հասուն ու կայացած է, նրանից փորձում ես քաղել այն, ինչին դեռ չես հասել։ Հասկացել եմ, որ ամեն բան այնպես չէր, ինչպես ես էի մտածում. ես կարծում էի, որ շոու բիզնեսի մարդիկ պետք է ավելի ազատ լինեն, բայց ես մնացել եմ այնպիսին, ինչպիսին կամ, բոլորի հետ շփվում եմ իմ չափով՝ իմ տարիքին համապատասխան»,- ասաց նա։

Անդրադառնալով կարծիքներն, որ նա փորձում է իր տարիքից մեծ երևալ, Մարինկան ասաց. «Ամեն մեկն ունի իր կարծիքը, ես դրանից չեմ նեղվում։ Փորձում եմ հասկանալ նրանց ու բոլորին դրական ընկալել։ Բոլոր նրանք, ովքեր ինձ տեսնում են Արփիի կերպարից դուրս, ասում են, որ ես էկրանից ավելի մեծ եմ երևում։ Ես կարող է հագնեմ շորիկներ, բարձրակրունկներ, բայց ներքուստ ես Մարինկան եմ  ով դեռ փոքր է, առօրյայում սիրում է «քեժլ» ոճ, չի դիմահարդարվում»։ Սերիալային դերասանուհու խոսքով՝ սիրում է լինել բնական տեսքով, իսկ դիմահարդարների օգնությանը դիմում է առիթների դեպքում։

Ինչ վերաբերում է 17 տարեկանում սեփական գումարն աշխատելուն՝ նա ասաց, որ շատ հաճելի երևույթ է, երբ տանեցիներից գումար չի խնդրում.  «Հիմա ինքս եմ ծախսում իմ գումարները, ավելի ազատ ու հանգիստ եմ զգում ինձ,- ասաց նա ու հոնորարի չափի մասին խոսելով՝ ասաց,- Ես ստանում եմ այնքան գումար, որքան աշխատում եմ ու ինձ համար շատ լավ է։ Ես ընտանիք չեմ պահում, որ գումարի խնդիր ունենամ. իմ առօրյա ծախսերն են, որոնց համար գումարս բավականացնում է»։

Մարինկայի փոխանցմամբ՝ ազատ ժամանակ քիչ է ունենում, քանի որ կերպարը գլխավոր է։ «Երբ ունենում եմ ազատ ժամանակ, անցկացնում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ։ Սիրում եմ նրանց հետ զբոսանքի  գնալ։ Ինչպես բոլոր աղջիկները, շատ եմ սիրում նաև շոփինգի գնալ։ Սիրում եմ երգել ու պարել, ակտիվ ժամանց, սակայն ակումբներ չեմ գնում։ Երևանում միջավայրը մի քիչ այն չէ։ Նախընտրում եմ ընկերներիս հետ լինել տանը, սրճարանում»,- նշեց նա։

Անձնական կյանքի մասին խոսելիս Մարինկան ասաց, որ ընտրյալ չունի։ Նա խոստովանում է, որ երկրպագուները շատ են։ «Սերիալում նկարահանվելուց հետո ավելի են շատացել, բայց դեռ ընտրյալ չունեմ, ունենալու միտք էլ  չունեմ։ Երևի տարիքիցս է,- ասաց նա ու հավելեց, որ չունի կոնկրետ իդեալ,- ինձ համար էական չէ նրա արտաքինը։ Երևի կգա ժամանակն ու կունենամ իմ իդեալը, որի մասին չէի էլ  պատկերացնում։ Ինչ վերաբերում է ներքին հատկանիշներին՝ նա պետք է լինի նվիրվող, խելացի»։

Մարինկան նշեց, որ ցանկություն ունի սովորել Թատերական ինստիտուտում, սակայն չգիտի՝ ինչպես կստացվի։ «Մինչ էդ դեռ պետք է ինչ-որ քոլեջ ավարտեմ, քանի  որ ես 9-րդ դասարանից եմ դուրս եկել դպրոցից։ Հավանաբար դիմահարդարման գծով կգնամ։ Դեռ չեմ կողմնորոշվում՝ որ ասպարեզում կշարունակեմ աշխատել։ Այս պահին ինձ ավելի հոգեհարազատ է դերասանուհու մասնագիտությունը»,-նշեց նա։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել