Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի դրոշներին։ Եթե այո, ապա չէիք կարող չնկատել, որ այդ երկրների դրոշների գույները մեր եռագույնի գույներն են. կարմիր, կապույտ, դեղին, միայն հակառակ դասավորությամբ (դասավորության խնդրին շուտով կանդրադառնանք)։

Կոլումբիայի դրոշը

Վենեսուելայի դրոշը

Էկվադորի դրոշը

Ոմանք կառարկեն, որ մեր եռագունում ոչ թե դեղին է, այլ նարնջագույն։ Այո, այսօր դա այդպես է, բայց այդպես չէր ոչ առաջին հանրապետության օրերին և ոչ էլ մեր անկախության առաջին տարիներին։ Կարմիր, կապույտ, դեղին` սրանք էին մեր դրոշի գույները և միայն հետագայում ինչ-ինչ Մութ Ուժեր դավադրաբար նենգափոխեցին դրանք` դեղինը դարձնելով նարնջագույն։ Թե ինչու՞ էր այդքան կարևոր նենգափոխել բնիկ հայկական դրոշը, շուըտով պարզ կդառնա։

Իսկ այժմ վերադառնանք Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի դրոշներին։ Մանկությունից բոլոր գիտենք ծիածանի յոթ գույների մասին։ Իրականում այդ յոթ գույների բաժանումը խիստ պայմանական է, իսկ գույների քանակը բնության մեջ անհամեմատ ավելի շատ է` հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գույներ։ Իսկ այժմ հարց, հնարավո՞ր է արդյոք, որ այդ հազարավոր գույների մեջ չորս տարբեր պետություններ հանկարծ ընտրեն միևնույն գույները որպես դրոշի գույն։ Պետք չի ակադեմիկոս լինել հասկանալու համար, որ նման «պատահականության» հավանականությունն ուղղակի չնչին է։

Համեմատության համար դիտարկենք Ռուսաստանի, Սերբիայի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի և այլն դրոշները։ Այստեղ ևս նույն գույներով դրոշներ են, և, ինչպես գիտենք, դա ամենևին էլ պատահական չի. այդ երկրների ժողովուրդներին միավորում է ընդհանուր սլավոնական ծագումը։

Այսպիսով, ինչպես համոզվեցինք, դրոշների գույների համընկնումները պատահական չեն լինում և մատնանշում են ընդհանուր ծագում։ Ի դեպ, սլավոնական ժողովուրդների դրոշների վրայի կարմիր, կապույտ, սպիտակ գույները հենց այդպես էլ կոչվում են` սլավոնական գույներ։ Կարծում ենք, որ կարմիր, կապույտ և դեղին գույները ճիշտ կլինի անվանել հայ-արիական գույներ։

Փաստորեն Հայաստանին, Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի հետ կապում է ժողովուրդների ընդհանուր ծագումը, ինչն անհերքելիորեն հետևում է այդ երկրների դրոշների հայ-արիական գույներից։ Սա միանգամայն ակնհայտ է պաշտոնական պատամագրության կարծրատիպերով չկաշկանդված յուրաքանչյուր գրագետ մարդու համար։

Թյուրիմացություններ չստեղծելու համար հստակեցնենք, որ ինքնին հասկանալի է, որ «ընդհանուր ծագում» ասելով, պիտի նկատի ունենալ ոչ այնքան Վենեսուելայի ու Կոլումբիայի այսօրվա բնակչությունը, որքան այդ երկրների բնիկ, այսպես կոչված հնդկացիական բնակչությունը (թեև այդ երկրներում բնիկների բիոլոգիական ժառանգներն այսօր էլ մեծամասնություն են)։ Հիշեցնենք, որ մինչև այսպես կոչված Ամերիկայի հայտնագործումը այդ աշխարհամասում արդեն իսկ գոյություն ուներ զարգացած քաղաքակրթություն, որի ժառանգությունը մինչև այսօր ապշեցնում է գիտնականներին ու հետազոտողներին։ Քաղաքակրթություն, որի զարգացվածության աստիճանին դեռ չի հասել նույնիսկ մեր այսօրվա քաղաքակրթությունը և որը փորձ արվեց բարբարոսաբար ոչնչացնել ու աղավաղել։

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել