Tert.am-ը գրում է.

Տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը դոլարի՝ վերջին մի քանի օրերին մոտ 5-6 դրամով արժեզրկումը պայմանավորում է մի քանի գործոնների փաթեթով, որոնցից առաջինը Նովրուզի օրերին Հայաստան մեծ քանակությամբ  իրանցի զբոսաշրջիկներն են և նրանց՝ մեր երկիր բերած դոլարները: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը և նկատեց, որ երկրորդ գործոնը ռուսական ռուբլու կայունացումն է:

«Մեկ դոլարն արդեն հասել է 58 ռուբլու, եթե սա դրամով ենք արտահայտում, ապա ռուբլին դրամով թանկացել է: Երրորդ  գործոնը տնտեսության մեջ գնողունակության անկումն է և  ներմուծման ծավալների որոշակի կրճատումը (մոտ 28 տոկոսի չափով), իսկ սա նշանակում է, որ դոլարի պահանջ քիչ է եղել: Այսինքն՝ դոլար գնող քիչ է եղել»,-նկատեց  տնտեսագետը:

Որպես դոլարի փոխարժեքի անկման չորրորդ գործոն՝ Վիլեն Խաչատրյանը դիտարկում է եվրոյի գործոնը:

«Այսինքն, որ մարդիկ իրենց եվրոներից ազատվել են, անցել են դոլարի, և չնայած դա ենթադրում է, որ դոլարը պետք է թանկանար  (առաջարկ պահանջարկի օրենքով), բայց իրականում հակառակն է տեղի ունեցել, որովհետև եվրոյի ու դոլարի տեսակարար կշիռների տարբերություն կա: Այսինքն՝ դոլարի վերածված եվրոն ավելի քիչ է եղել, քան իրանցիների բերած դոլարները: Եվ, առհասարակ, մյուս՝ վերը թվարկված գործոնների ազդեցությունը ավելի մեծ է եղել»,-ասաց տնտեսագետը:

Նրա գնահատմամբ` այստեղ դեր է խաղացել ևս մեկ գործոն՝ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը ՀՀ տնտեսության մեջ, այսինքն՝ մոտ 800 միլիոնի չափով դոլարի մուտքը:

Ամեն դեպքում Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ սա կարճաժամկետ արժեզրկում է, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ինչպես հայտարարվել է, տարվա կեսից բարձրացնելու է դոլարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է  փոխարժեքի բարձրացում: 

Ի պատասխան դիտարկման, թե  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ամենաթեժ շրջանում` ապրիլին Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք է լինելու, ինչը նշանակում է, որ  Հայաստան է մտնելու մեծ քանակությամբ արտարժույթ. ի՞նչ տատանումներ են ակնկալվում, տնտեսագետ նկատեց. «Գուցե այդ ժամանակ էլ նկատվի որոշակի փոփոխություն, բայց ես չեմ կարծում, որ կուրսի տատանումը շատ կփոխվի, միևնույն է` գտնվելու  է  460-480 միջակայքում»,-կանխատեսեց Վիլեն Խաչատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել