Շատերն են լսել մերկանտիլիզմի ու առավել ևս՝ կանանց մերկանտիլիզմի մասին, բայց քչերն են լիովին ընկալում այդ բառի իմասը։ Նամանավանդ, հայերենում դրան տվել են միանշանակորեն նյութեղեն իմաստ՝ թարգմանելով այն որպես «նյութապաշտ», սակայն մերկանտիլիզմն ու առավել ևս կանացի մերկանտիլիզմը միայն նյութեղեն հաշվենկատություն չէ և չի ենթադրում զուտ ֆինանսատնտեսական հաշվարկներ։ Որքան էլ տարօրինակ հնչի առաջին հայացքից, բայց մերկանտիլ են գրեթե բոլոր կանայք, և աննորմալ են այն կանայք, ովքեր իսպառ զուրկ են մերկանտիլիզմի չափավոր քանակից։

Ի վերջո, այդ հաշվենկատությունն արմատներով գնում է բնազդային մակարդակ, որտեղ գործ ունենք ոչ թե կնոջ, այլ «էգի» հետ, ով ցանկանում է լավագույն «արուին» ընտրել՝ հնարավորինս կենսունակ սերունդ ունենալու համար և այդ նպատակով ուշադրություն է դարձնում որոշակի չափորոշիչների։ Սակայն, եկեք շատ չխորանանք գիտական հոգեբանության մեջ, այլ քննարկենք կանացի մերկանտիլության կոնկրետ դրսևորում՝ իգական սեռի կոնկրետ խմբի մոտ առավել հաճախ հանդիպող։ Եվ այսպես, ինչո՞ւ են գեղեցիկ կանայք մերկանտիլ՝ հենց նյութապաշտության իմաստով։

1. Անձնական փորձի ընթացքում ձևավորվող ասոցիատիվ կապեր

Սիրուն աղջիկները դեռ երիտասարդ տարիներից սովորում են օգտվել իրենց գեղեցկությունից։ Գեղեցիկ երիտասարդ աղջիկներին սիրահետում են ավելի գեղեցիկ, նրանց ավելի հաճախ են նվերներ տալիս, ու այդ նվերն ավելի արժեքավոր է լինում, քան ոչ այնքան գեղեցիկ աղջիկների պարագայում։ Նրանք պատանեկության տարիներից հակառակ սեռի ուշադրության կենտրոնում են ու ընտրության մեծ հնարավորություն ունեն։ Տղաներն էլ իրենց հերթին են հասկանում դա, դրա համար, ի թիվս այլ բաների, փորձում են նյութականի ավելի ինտենսիվ կիրառությամբ ուժեղացնել տպավորությունն իրենց մասին։

Արդյունքում, գեղեցիկ աղջիկները, դառնալով գեղեցիկ կին, հաճախ արդեն ենթագիտակցական ասոցիատիվ ընկալում են ունենում. եթե ուզում է տպավորություն թողնի, ուրեմն պետք է շռայլ լինի և որքան ավելի շռայլ, այնքան ավելի մեծ տպավորություն։ Սա, իհարկե, ոչ բոլորի պարագայում է ու ոչ միշտ է հենց ուղղակի կապի ձևով արտահայտվում, բայց այդ կապը գոյություն ունի և տարածված է, ողջ հարցը նրանում է, թե ինչ ինտենսիվությամբ է արտահայտվում ամեն առանձին վերցված կնոջ մոտ։

2. Սպառողի հոգեբանություն

Սպառողական հասարակությունում ապրելը բերում է սպառողի հոգեբանության կայացմանը, երբ կյանքը, հաջողությունը, երջանկությունը, բարեկեցությունն ավելի ու ավելի շատ են չափվում նյութական բարիքների առկայությամբ ու քանակով։ Այլ կերպ ասած՝ մարդիկ ու այդ թվում նաև գեղեցիկ կանայք, իրենց կյանքը և բարեկեցության մակարդակը չափում են առավելապես նյութապաշտական տեսանկյունից, հետևաբար, այդ կյանքն ու բարեկեցությունը բարելավելու համար առաջնորդվում են մերկանտիլիստական աշխարհայացքով ու վարքով։

3. Հանրային ակնկալիք

Մի իմաստուն խոսք կա. գեղեցիկ կնոջ տեսնելով՝ տղամարդը մտածում է, որ նա արդեն ինչ-որ մեկինն է, և արդյունքում այդ գեղեցիկ կինը բաժին է հասնում ինչ-որ մեկին, ով ընդհանրապես իրեն չի ծանրաբեռնում մտածելու բարդ ֆունկցիայով։ Գեղեցիկ կանանց պարագայում հաճախ լինում է այնպես, որ նրանք ի սկզբանե հակված չեն լինում մերկանտիլիզմի ոչ չափավոր դրսևորումների, բայց աստիճանաբար հարմարվում են նրան, ինչ կոչվում է հանրային ակնկալիք։

Այսինքն, որոշ գեղեցիկ կանանց իրենց շրջապատը չի հասկանում, իսկ երբեմն էլ բացահայտորեն դատապարտում է, եթե նա իր արտաքին տվյալներից օգուտ քաղել չի փորձում։ Օրինակ՝ բոլորս էլ լսած կլինենք «Բա էդ կուկլա աղջիկը սենց կյանքի՞ էր արժանի», «Մի տեսեք, թե ինչ քծիբ ա, սենց գեղեցկուհու վրա ափսոսում ա փող ծախսի» և այլն։ Ու այսպես, հենց շրջապատն է մղում գեղեցիկ կնոջը, որպեսզի տղամարդկանց ընտրության հարցում նա ավելի կարևոր դեր հատկացնի նյութական մասին, քան նույնիսկ ինքն էր տրամադրված ի սկզբանե, որովհետև նախ ինքը՝ հեռանկարը, այդքան էլ վատը չի, երկրորդն էլ՝ գեղեցիկ կինն այդ կերպ ուզում է կասեցնել բոլոր նմանատիպ քննարկումները։

4. Գեղեցիկ լինելը թանկ է

Գեղեցիկ կին ասելով՝ մեր օրերում ոչ միայն նրա արտաքին տեսքը (գեղեցիկ դեմք, համաչափ մարմին) նկատի ունենք, այլև նրա ընդհանուր կերպարը. ինչպե՞ս են հարդարված նրա մազերը, ի՞նչ հագուստ է հագնում նա, ի՞նչ աքսեսուարներ է օգտագործում և այլ առանձին միանգամայն նյութական գործոններ, որոնք նույնքան կարևոր դեր են խաղում գեղեցիկ կնոջ կերպարում, որքան նրա արտաքին տվյալները։ Եվ արի ու տես, որ այդ աքսեսուարները որքան ավելի լավն են, այնքան ավելի թանկ են, հետևաբար, գեղեցիկ կինը գեղեցիկ կին լինելու համար ֆինանսական միջոցների կարիք ունի, ինչն էլ խթանում է մերկանտիլիզմի տարատեսակ, այդ թվում նաև արատավոր դրսևորումները։

Մնում է հավելել, որ սա համընդհանուր մոդել չէ, ու յուրաքանչյուր անհատի պետք է անհատապես քննել, էլ չասենք, որ ցանկացած կանոնից բացառություններ լինում են, բայցևանպես, կարող ենք արձանագրել մի շատ կարևոր բան. գեղեցիկ կանայք մերկանտիլ են ավելի շատ նրա համար, որ նրանց այդպիսին իրենց շրջապատող աշխարհն ու կենսափորձն է դարձնում, քան նրա համար, որ նրանք այդպիսին ծնվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել