Քաղաքը բաժանված է արտաքին տեսքի գոտիների: Ի նկատի չունեմ քաղաքի արտաքին տեսքի, այլ` մարդկանց: Համոզվելու համար, պետք է ընդամենը մի քանի րոպե շրջել Կենտրոնում, ապա գնալ որևէ ծայրամաս, մանավանդ` շուկաների հարևանությամբ գտնվող տարածքներ: Տարբերությունն ուղղակի կմռմռացնի ձեր աչքերը:

Հարցը չի վերաբերում որևէ խտրականության, ուղղակի
նշված օրինակով ակնհայտ է դառնում մեր հասարակությունում առկա սոցիալական բևեռացումը: Երկիրն էլ փոքր է: Բնակավայրերը` գյուղական և քաղաքային, իրար շատ մոտ: Մարդկանց կենսակերպերը` խիստ տարբեր: Մեկը տոհմիկ բժիշկ է, ասենք, ում ընտանիքն արդեն 4-րդ սերունդն է, որ բարձրագույն կրթություն է ստանում, և ունի համապատասխան ճաշակով տեսք, իսկ մյուսը հասարակ գյուղացի է` արևի տակ վառված դեմքով, կոշտացած ձեռքերով և մի քանի օր չլողանալուց կեղտոտ մազերով: և ապրում են այս մարդիկ հարաբերական հարևանությամբ, օրինակ` 20 կիլոմետր հեռավորության վրա: Ջահելության մեջ էլ է երևում տարբերությունը... Նույնիսկ շատ վառ է երևում: Ասածս միայն արտաքին տեսքի վերաբերյալ է: Ավելիի մասին չեմ հանդգնի խոսել:
Իսկ խնդիրն այն է, որ ես, ինչպես նաև շատ այլք, այդ տարբերությունները նկատում եմ: Չեմ կարողանում չնկատել և ինչ-որ պահից սկսած` դիսկոմֆորտ եմ զգում: Ոչ թե նրա համար, որ այդպիսի տարբերություն կա, այլ նրա համար, որ զգում եմ այդ տարբերությունը: Այդ ժամանակ միտս են գալիս որևէ բազմաշետ երկրի իմացած տեղեկությունները: Օրինակ` Հնդկաստանի: Միլիարդից ավելի մարդ և հազարավոր շերտեր, կաստաներ, ենթակաստաներ, խմբեր, ցեղեր և այլն: Բա ինչպե՞ս են շարքային հնդիկները տանում այդ ողջ տարբերությունները: Կամ` ովքե՞ր են շարքային հնդիկները: Իսկ մե՞նք: Ո՞վ է մեզնից շարքային: Բարձրագույն կրթությամբ պապիկների և տատիկների, բրենդային հագուստ կրող թոռները, թե՞ կարմիր երեսով, շուկաներում պարկեր քարշ տվողները:
Հնդկաստանում, ի դեպ, թեյի տերևները քաղելու գործը վստահված է կանանց այն պատճառով, որ նրանց ձեռքերն ավելի նուրբ են և կարող են պոկել անհրաժեշտ տերևները` չվնասելով մյուսները: Հետաքրքիր է, կա՞ Հնդկաստանում շարքային մեկը, ով սիրում է թեյ խմել, նայել լուսամուտից դուրս և գրել բլոգ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել