Կյանքը մեծ հաշվով խաղ է: Այստեղ ամեն մեկը մի խաղ է խաղում` քաղաքականություն, բիզնես, ընտանիք, գիտություն, արվեստ, սեր, պատերազմ, հայրենասիրություն, փիլիսոփայություն և այլն: Եվ ամեն մի խաղ ունի քիչ թե շատ մշակված խաղի կանոններ, իսկ ամեն մեկն էլ ունի այս կամ այն խաղին մասնակցելու կյանքի ընթացքում մշակված մարտավարություններ: Խաղի կանոնները խաղի ամենաանհրաժեշտ պայմաններ են, որոնք փոխանցվում են ավագ սերնդից կրտսեր սերնդին, վերամշակվում են, ու էլի փոխանցվում են հաջորդներին: Ու որպես կանոն հաջողության են հասնում այն խաղացողները, որոնք, խաղի կանոններն իմանալով, կարողանում են լավագույնս կիրառել իրենց խաղի ընթացքում: 
Մեր խնդիրն այժմ ոչ թե ժողովրդավարության բացակայությունն է, անարդարության բարձր մակարդակը, կաղող տնտեսությունը, կամ էլ ոգեզուրկ մշակույթը, այլ խնդիրը այդ խաղերին մասնակցելու մարտավարության մեջ է: Խաղերը կան, կանոնները կան` որոշ դեպքերում օրենքների տեսքով, որոշ դեպքերում էլ բարոյականության պատկերացումների տեսքով: Բայց կա մի ընդհանուր միտում` մեր հասարակության մոտ սովորություն է դարձել կանոններ խախտելը, ամեն գնով հաջողության հասնելը: Եթե նկատել եք, մեր հասարակության մեջ հիմնականում այս կամ այն ոլորտում հաջողության են հասնում այն մարդիկ կամ խաղացողները, որոնք ամենաշատն են խախտում խաղի կանոնները: Այնքան ենք խախտել այդ կանոնները, որ կանոն խախտելն է կանոն դարձել: Մենք մեր մեջ պետք է դաստիրակենք կանոններով խաղալ, ու կանոններով խաղալ կյանքի ամեն մի ոլորտում` ընտանիքում, անձնական հարաբերություններում, քաղաքականությունում, բիզնեսում, գիտությունում, արվեստում և այլուր: Հենց կանոններով խաղալը բնավորություն դառնա և սկսենք կանոններով խաղալ, ամեն ինչն էլ իր տեղն է ընկնելու: Բայց դա շատ դժվար ու կամային կուռ որակներ պահանջող գործ է: Չնայած մյուս կողմից էլ` ով էր ասում, որ հեշտ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել