Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե եկել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը, ասաց, որ եթե համարենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կկայանա, ապա միասնական արժույթին անցնելն անխուսափելի է: 

«Չի կարող լինել Եվրասիական տնտեսական միություն և անդամ երկրներն ունենան տարբեր արժույթներ, հաջորդ ինտեգրացիոն քայլը անխուսափելիորեն միասնական արժույթն է»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուբլու փոխարժեքին, նա ասաց, որ ռուսական արժույթը հիմա համեմատաբար կայուն վիճակում է, ինչը խոչընդոտ չի համարվում միասնական արժույթին անցնելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արտակ Մանուկյանը նշեց, թե ցավալին այն է, որ Հայաստանն այստեղ խաղացող չէ: «Այսինքն՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանն ինչ որոշեն, Հայաստանը և Ղրղըզստանը կհետևեն այդ քաղաքականությանը»,-ասաց նա և ավելացրեց, որ մինչ 2020 թվականը եթե ԵՏՄ-ն չփլուզվի, ապա իրատեսական է համարում անցումը միասնական արժույթին։

Համաձայնելով, որ Հայաստանի տնտեսությունը հիմնականում դոլարիզացված է, տնտեսագետը, այդուհանդերձ, նշեց, որ այդ առումով էական խնդիրներ չի տեսնում և ընդգծեց, որ միասնական արժույթի բացասական գործոններից մեկը Հայաստանի սուվերենության վրա բացասաբար անդրադառնալն է:

«Բայց պետք է նշել, որ միասնական արժույթի պարագայում շատ լավ բանկային քաղաքականություն կիրականացվի, քանի որ եթե ինչ-որ երկիր խնդիր ունենա, դա չի լինի միայն տվյալ երկրինը, այլ ամբողջ ԵՏՄ-ինը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել