Tert.am-ը գրում է.
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե եկել է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև արժութային միություն ստեղծելու ժամանակը, ասաց, որ եթե համարենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կկայանա, ապա միասնական արժույթին անցնելն անխուսափելի է:
«Չի կարող լինել Եվրասիական տնտեսական միություն և անդամ երկրներն ունենան տարբեր արժույթներ, հաջորդ ինտեգրացիոն քայլը անխուսափելիորեն միասնական արժույթն է»,-ասաց նա:
Անդրադառնալով ռուբլու փոխարժեքին, նա ասաց, որ ռուսական արժույթը հիմա համեմատաբար կայուն վիճակում է, ինչը խոչընդոտ չի համարվում միասնական արժույթին անցնելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արտակ Մանուկյանը նշեց, թե ցավալին այն է, որ Հայաստանն այստեղ խաղացող չէ: «Այսինքն՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանն ինչ որոշեն, Հայաստանը և Ղրղըզստանը կհետևեն այդ քաղաքականությանը»,-ասաց նա և ավելացրեց, որ մինչ 2020 թվականը եթե ԵՏՄ-ն չփլուզվի, ապա իրատեսական է համարում անցումը միասնական արժույթին։
Համաձայնելով, որ Հայաստանի տնտեսությունը հիմնականում դոլարիզացված է, տնտեսագետը, այդուհանդերձ, նշեց, որ այդ առումով էական խնդիրներ չի տեսնում և ընդգծեց, որ միասնական արժույթի բացասական գործոններից մեկը Հայաստանի սուվերենության վրա բացասաբար անդրադառնալն է:
«Բայց պետք է նշել, որ միասնական արժույթի պարագայում շատ լավ բանկային քաղաքականություն կիրականացվի, քանի որ եթե ինչ-որ երկիր խնդիր ունենա, դա չի լինի միայն տվյալ երկրինը, այլ ամբողջ ԵՏՄ-ինը»,- ասաց նա: