Դեռևս մարտի 14-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Կապան քաղաքի որոշ քաղաքացիներ բրուցելոզ հիվանդության կասկածով տեղափոխվել են հիվանդանոց: Միայն հանրային մեծ աղմուկից հետո՝ դեպքի գրանցումից 2 շաբաթ անց, պատկան մարմինները բարեհաճեցին խոսել դեպքի մասին: Սակայն նրանց կողմից տարածված հաղորդագրությունը կարդալիս այնպիսի տպավորություն է, թե դեպքը գրանցվել է ոչ թե Կապան քաղաքում և որ կարող է շատ լուրջ և ցավալի հետևանքներ ունենալ, այլ Լաս Վեգասում, որը հոլիվուդյան ֆիլմի նման կունենա երջանիկ ավարտ (happy end), և բոլորը կապրեն ուրախ և երջանիկ:

Դեպքի վերաբերյալ պատկան մարմինների հայտարարություններն ուղղակի զավեշտալի են: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակը նշել է, որ ԱՆ-ից ահազանգը ստացել են մարտի 11-ին, ԱՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ Գյուղնախին տեղեկացրել են մարտի 6-ին, սակայն որոշ ժամանակ անց, չգիտես ինչու, հաղորդագրության այդ հատվածն ուղղակի անհետանում է: Պարզից էլ պարզ է, որ այս կառույցները գործում են համատեղ՝ փորձելով «սվաղել» դեպքը:

Պատկան մարմինների այսքան հակասական հայտարարություններից հետո պարզաբանում ստանալու նպատակով նրանց դիմելն ուղղակի անիմաստ է, քանզի հերթական հորինվածքները լսելու ցանկություն ոչ ոք չունի, առավել ևս, որ որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են վարակվել քաղաքացիները, մյուս աշխաատակիցները և նրանց ընտանիքի անդամները ստուգվել են, թե ոչ, ինչպես է հիվանդ կենդանին հայտնվել սպանդանոցում, ովքեր են մեղավորները և այլն: Եվ եթե այսպես շարունակվի, արդյունքում կունենանք այն, ինչ եղավ Եղվարդի մանկապարտեզում գրանցված երեխաների թունավորման դեպքում՝ ծածկադմփոց, որիշ ոչինչ, սակայն մեկ տարբերությամբ, այն ժամանակ գոնե դեպքից հետո ինչ-որ գործողություններ էին անում և հրապարակում, իսկ այս դեպքում անգամ դրությունը փրկելու մասին չեն մտածել և ոչինչ չեն ձեռնարկել:

Հիշյալ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարձրացված հարցերի պատասխաններն ունենալը շատ կարևոր է, քանզի միայն այդ դեպքում հնարավոր կլինի բացահայտել դեպքը. «Ինձ համար ևս տարօրինակ է, որ թեկուզ այդքան ուշացած, այդուհանդերձ, հայտարարություններում չկա որևէ անդրադարձ, թե ինչու են ոտնահարել սպառողների տեղեկացված լինելու իրավունքը՝ թաքցնելով իրողությունը, սա կարող եմ մեկնաբանել թերևս մեկ պատճառով. Որովհետև չունեն կարևոր հարցերի պատասխանները, ինչպե՞ս են ի վերջո մարդիկ վարակվել, որովհետև հիվանդներին հայտնաբերելը ևս ոչ թե առողջապահության համակարգի ձեռքբերումն է, այլ մեկ անհատ բժշկի, իմ հետ զրույցում հիվանդներն ասացին, որ բուժող բժիշկն է հորդորել, որպեսզի գան հետազոտվելու, մինչդեռ համաճարակային ծառայությունը պետք է տնետուն հետազոտեր ոչ միայն սպանդանոցի բոլոր աշխատողներին, այլ նաև նրանց ընտանիքների բոլոր անդամներին, ինչը մինչ օրս չի արվել: Չունեն նաև մյուս շատ կարևոր հարցի պատասխանը. ինչպե՞ս են ի վերջո հիվանդ կենդանիները որպես առողջ կենդանիներ հայտնվել սպանդանոցում, քանզի սպանդանոցում առկա էին մորթված կենդանիների առողջությունը վկայող փաստաթղթերը, որոնք ի դեպ, տրվել են պետական մարմնի կողմից»:

Սպանդանոցի տնօրեն Սամվել Ավետիսյանը, կիսելով մեր մտահոգությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ևս շահագրգիռ են, որպեսզի դեպքը բացահայտվի, քանզի այն կարող է ուղղակի հարվածել իրենց տնտեսությանը։ «Մենք անպայման դիմելու ենք համապատասխան մասնագետներին, որպեսզի դեպքի պատճառներն ու մեղավորներն անպայման բացահայտվեն, մեր սպանդանոցը գործել է բացառապես միջազգային և տեղական բոլոր չափանիշներին համապատասխան, սպանդանոց բերված բոլոր կենդանիներն ունեցել են առողջությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր, աշխատակիցները՝ սանգրքույկներ, համապատասխան արտահագուստ, կենդանիները մորթվել են միայն արտահանման համար՝ դրսի գործընկերների ներկայությամբ, և յուրաքանչյուր օր ցանկացած մարդ կարող է գալ և տեղում տեսնել, թե ինչ պայմաններում են մորթվում կենդանիները, և արդյոք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են, թե ոչ: Միայն դեպքի լիարժեք բացահայտումից հետո կարող ենք շարունակել գործունեությունը, ի վերջո, սպանդանոցը կրկին շահագործվելու է, և մեզ համար կարևոր է կանխել դեպքի կրկնությունը, մինչդեռ մենք գործել ենք, պահպանելով բոլոր պահանջները, սակայն գրանցվել է այսպիսի դեպք»:

Ստացվում է, որ դեպքի բացահայտմամբ մտահոգված են բոլորը, բացի պատասխանատու կառույցներից, և բնական է, քանզի բացահայտվելու դեպքում պարզ է դառնալու այն ամենը, ինչ չեն արել պատասխանատու կառույցները: Իսկ նրանք ուղղակի ցանկանում են մեկ-երկու արհեստական քայլերով՝ մեղավորության սլաքը շեղելով իրենց վրայից: Իսկ վերջինիս փորձ նրանք միանշանակ ունեն՝ մանկապարտեզում երեխաների թունավորում, հիվանդանոցում տասնյակ հեպատիտ C-ով հիվանդներ, իսկ փչացած մթերքի իրացումն այնքան է շատացել, որ անգամ առանձին դեպքեր հիշելու կարիք չկա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել