Բոլոր խաղերը խաղացել են, հիմա էլ որոշում են զբաղվել համայնքների խոշորացումով: Այն, ինչ կատարում է ՀՀ կառավարությունը, պարզապես կարելի է որակել որպես խեղկատակություն: Իմ սուբեկտիվ կարծիքով, եթե հանկարծ այդ համայնքային խոշորացումն ի կատար ածվի, մենք կունենանք անդառնալի կորուստներ՝ մասնավորապես կսկսվի արտագաղթի էլ ավելի մեծ հոսք, խոշորացման շնորհիվ կփակվեն գյուղապետարաններ, հետևաբար նաև աշխատատեղեր, համայնքի կենտրոնից հեռու գտնվող համայնքները կհայտնվեն ծայրաստիճան վատթար վիճակում, ամենուր կտիրի անհավասարություն:
Ահա թե ինչի են հանգեցնում ապահով Հայաստան կերտողները: Եվ ամենևին դժվար չէ կռահել, որ սա յուրօրինակ քայլ է ՀՀԿ-ի վերարտադրմանը նպաստելու համար, քանի որ այսպես ավելի կառավարելի է, այսպես ավելի հեշտությամբ կարող են վերարտադրվել՝ կաշառելով, ստիպելով մեկ մարդու՝ նախկինում 5-6 -ի փոխարեն: Եվ ամենավատն այն է, որ դեռևս չի կայացել համայնքային հանրաքվեն, բայց մեր պատկան մարմիններն արդեն մարդկանց փոխարեն հստակ որոշած ասում են, որ համայնքների խոշորացումը հավանության է արժանացել բոլոր այն համայնքներում, որտեղ նախատեսված է կատարել այդ «բարեփոխումները»:
Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան վարչապետական դուետը հիմնովին տապալեց մեր ներքին քաղաքականությունը: Այս տարիների ընթացքում, ի շնորհիվ Տիգրան Սարգսյանի, ունեցանք աղետալի վիճակի հասնող արտագաղթ, սով, աղքատության բարձր շեմ, աննախադեպ ցածր կենսամակարդակի աճ: Եվ հիմա այս անենը կարծես էստաֆետայով Սարգսյանից վերցրել է Հովիկ Աբրահամյանը և տանում է «հաղթական» ավարտին՝ ստանձնելով Հայաստանը դեպի անդունդ և կործանման տանելու գործնթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել