Ծովահենի երգը

Աչքդ հառել ես ահով իմ սև նավի ցռուկին,
Կայմին ճոճվում է թշվառ դիակը մեր միության,
Նախանձում եմ,աղջիկս,դաշտում կապած մտրուկին
Արածում է անխռով` հանգույն իր խեղճ բնության

Իսկ ինձ վայրի սուլոցով վռնդել են պալատից
Ու խրճիթներն են մերժել իրենց դռները խղճուկ,
Կարել եմ սև դրոշս ես դեն գցած մի լաթից
Ու ձեր պարարտ կյանքի մեջ գնդակն եմ իմ մխրճում

Իմ սև նավի իրանը`ահարկու ու գեղանի
Ակոսում է ծովերի ալիքները մրրկահույզ,
Կարմրել է մարտերում կողը ամեն գերանի,
Որտեղ ամեն մեխի հետ թաղել եմ ես գեթ մի հույս

Հիմա մազերս խռիվ,կուրծքս`հանձնած խոլ քամուն,
Սլանում եմ խելահեղ դեպի վախճանն օրերիս
Արդեն տեսնում եմ կայմին ոնց են մարմինս գամում
Ու ամբոխը սովահար ոնց է տիրում շորերիս….

Աչքդ հառել ես ահով իմ սև նավի ցռուկին,
Կայմին ճոճվում է կախված դիակը իմ քաջության
Իսկ ես ջարդել եմ,սերս, լուծը անարգ ստրուկի
Ու շաղ տվել իմ հոգին տիեզերքով մեկ աջ ու ձախ…

 

Գիշերն ու դու
Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար իջնում մեծ քաղաքի բեմին
Ու աստղերն են թարթում այդ պերճ բեմի վրա,
Հսկա լուսարձակներ` քո համերգի շեմին

Դու մթության ծխից դուրս ես գալիս մի պահ
Երկնի պատառները քո ճերմակ ուսերին
Ներշնչում ես թախիծ , տենչանք ու ահ
Ստիպում անհույս ձգտել ոլորտներին վերին

Գիշերը ընկել է քո ոտքերի առջև
Քաղաքն է խոնարհվում քո հմայքին դաժան
Իսկ ես զուր փորձում եմ փրփուրներին կառչել
Ու նվիրել հոգիս`վաղուց բաժան-բաժան

Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար փարվում քո մարմար ոտքերին
Ու աստղերն են մանյակ պարանոցիդ վրա,
Բախտը` քո աչքերի հիազարհուր գերին…

Հարբեցողի երգը


Կորցրել եմ,իմ տխրություն,իմ սեր,
Փոշու մեջ օրերի քո կապտահեր հոգին,
Ու ամեն օր թաղել անթիվ,անթիվ հույսեր
Խավարում սպասելով երջանկության շողին

Ես սիրում եմ շշին իմ բաժակը խփել,
Հանուն կյանքի,հանուն չեղած սիրո,
Ու շնչով մի`մինչ հատակը ըմպել,
Ու նավարկել անվերջ գինովության ծիրով

Իմ խրճիթում անթիվ արևներ են վառվում,
Ու երկինքն է ձայնում իմ խռպոտած երգին,
Ինձ ամեն օր,հոգիս,աստվածներ են փարվում,
Ազնիվ գնորդները իմ տխրության բերքի

Թող որ հարբեցող եմ ես շորերով ճղված,
Թող որ օրորվում եմ ամեն,ամեն քայլիս,
Ես գրում եմ երգեր`աստվածներին հղված,
Ու հարբում աստղերի կուրացուցիչ փայլից

Կորցրել եմ,իմ տխրություն ,իմ սեր,
Մրուրում օրերի քո այնքան խեղճ հոգին,
Իմ խրճիթում վառել տիեզերական լույսեր
Ու սեղանին դրել թթի խանձող օղին….

***

Երբ անցնի կյանքիս հերթական տարին,
Ու հավետ լռի սիրտս բաբախող,
Կհիշեն արդյոք խոսքերով բարի
Մեր տուն այցելած մարդիկ մտախոհ:

Կհիշեն,որ ես շնչել եմ,ապրել,
Ունեցել հույզեր ու երազ մի վառ,
Աստղերին նայել ու սիրով ՝ հարբել,
Ու անգետ գործել մեղքերս ստվար:

Երբ անցնի կյանքիս այդ վերջին տարին,
Ու մարդկանց տեսքով՝մեր դուռը բախող,
Իմ թաղման ծեսը վիշտը կատարի
Ու ջարդած վարդեր փռի մեր բակով…

***

Միայնության սև տիեզերքում
Անվերջ փնտրում ես մեկին,
Նրան տենչում ամեն երգում՝
Կյանքի լուսե ճամփեքին:

Նրա հոգին՝ լույս-լուսավոր,
Սարքում իմաստը կյանքիդ ,
Շեկ վարսերը ՝հուր-գիսավոր,
Դրոշը լուռ տանջանքիդ:

Նրա ձեռքից գավը թույնի
Առնում ասես մանանա,
Հարբում նրա ծովե բույրից,
Նա է քո դև-սատանան:

Միայնության սև տիեզերքում,
Անվերջ կորցնում ես մեկին,
Նրան ողբում ամեն երգում՝
Ընկած փոշոտ ճամփեքին…

***

Հեռանում ես,իմ տխրություն,իմ սեր,
Ձուլվում հորիզոնի եթերային լույսին,
Ինձ թողնում ես մենակ,թողնում անսեր,
Ամուր փարված դրսում հեծկլտացող հույսին…

Դու անչափ հպարտ ես,թագուհի իմ սառցե,
Կոպերիդ տակ`անթիվ մեռած աստղեր,
Որոնք երջանկության արևներ եմ կարծել,
Փալասները կարծել անբիծ առագաստներ

Իսկ աստղերն այդ բեկորներ են փայլուն,
Փայտե քո ժպիտի պաճուճանքը թշվառ,
Հիմա իմ տիեզերքում խենթությունն է քայլում
Վարժելով խեղճ հոգիս իր երգերին դժվար…

Հեռացել ես,իմ տխրություն,իմ սեր,
Ձուլվել հորիզոնի եթերային լույսին,
Իմ հյուղակում թողել բեկված հույսեր,
Ու երկնքից նայող կապույտ լուսին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել