Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ ենք ներկայացնում վանաձորցի 33-ամյա Լիանա Վարդանյանի ընտանիքի պատմությունը, քանի որ նրանք ևս, խիստ կարիքի մեջ գտնվելով և ապրելով տնակային պայմաններում, ամիսներ շարունակ մոմի լույսի տակ են իրենց երեկոներն անցկացնում և երեխաներին դաս սովորեցնում: Վանաձորի Բուլղարական առաջին ավանի 15 տնակի էլեկտրական հոսանքից զրկված լինելու միակ պատճառը պայմանավորված է մոտ 50 մետր էլեկտրալար չունենալու հետ, որի ձեռքբերմամբ կլուծվի տնակի էլեկտրաէներգիայի հարցը: Ընտանիքը բացի հոսանքից չունի ո՛չ վառելափայտ և ո՛չ էլ ջեռուցման որևէ միջոց, որպեսզի փորձի դիմակայել ահավոր ցրտին ու տնակի խոնավությանը:

Ընտանիքը զրկվեց միակ եկամուտից, քանի որ ընտանիքի հայրը՝ 43-ամյա Վարդան Մարտիրոսյանը, ոտքի կոտրվածքի պատճառով ի զորու չէ առայժմ որևիցե աշխատանք անել, ոտքը վիրահատված է և ոտքի մեջ տեղադրված է մետաղյա հատուկ սարք: Ոտքը տեղաշարժելիս ունենում է ուժգին ցավեր: Ընտանիքի մայրը ևս վատառողջ է և տառապում է նևրոզից, ունի տասներկումատնյա աղիքի խոց, որը շտապ բուժման կարիք ունի: Նրան անհանգստացնող ցավերն այնքան ուժգին էին, որ մեր այցելության ընթացքում ոչ մի կերպ չկարողացավ իրենց ծանր կացությունը ներկայացնել անձամբ՝ տեսանյութի միջոցով: Ամուսինը հարցազրույցի ընթացքում ևս անչափ հուզված էր և հույսով լի, որ կգտնվեն բարի ու սրտացավ մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն իր ընտանիքին:

Ծանր հոգսերի պատճառով 11-ամյա դուստրը՝ Անուշ Վարդանյանը, սովորում է Վանաձորի թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: 10-ամյա Սլավիկ Վարդանյանը ևս սովորել է այս հաստատությունում, սակայն չհարմարվելով՝ այսօր մնում է ծնողների հետ: Այս ընտանիքը ևս ունի ցանկացած օգնության կարիք: Ցանկացած փոքրիկ օգնություն, նրանց նեղությունից հանելով, մեծ ուրախություն կպարգևի: Մնում է ևս մեկ անգամ համախմբվել և մեր օգնությունն ուղղել տնակային սոսկալի պայմաններում մի կերպ օրերը մթության մեջ անցկացնող այս ընտանիքին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել