Արևմուտքը, որը միշտ ձգտում է միաբևեռ աշխարհակարգի, երբեք չի հրաժարվելու այնպիսի տարածաշրջաններից, որոնք ունեն աշխարհաքաղաքական կենտրոնի նշանակություն, որոնք կարող են ցանկացած պահի ազդել ուժերի բալանսի վրա: Այդպիսի կենտրոն են նաև Հարավային Կովկասն ու Արևելյան Եվրոպան: Վերջինը, համաձայն աշխարհաքաղաքագետ Մակինդերի տեսության, Հարթլենդը (համընկնում է հիմնականում Ռուսաստանի տարածքի հետ) վերահսկելու և հետագայում ողջ «Համաշխարհային կզղին» (Եվրասիա մայրցամաք) տիրելու օջախն է: Իսկ հարավային Կովկասն էլ Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի թափանցման յուրօրինակ միջանցք է: Այս աշխարհաքաղաքական ծրագիրն իրականացնելու համար գործարկվել են բազմաթիվ գաղափարներ, որոնցից է նաև «Արևելյան գործընկերությունը», որով նախկին ԽՍՀՄ տարածքի երկրները պետք է աստիճանաբար ինտեգրվեին եվրոպական արժեհամակարգին՝ դուրս գալով ռուսական ազդեցությունից: Ահա թե ինչու, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բավական կոշտ արձագանքեցին ԵԱՏՄ ստեղծմանը՝ համարելով այն շարժ դեպի եվրասիական «ներքին կիսագունդ» (Մերձավոր Արևելք՝ Կովկասով, Եվրոպա՝ Արևելյան Եվրոպայով): Ակնհայտ է, որ սա բարդացնելու էր Եվրասիական տարածությունը վերահսկելու արևմտյան ծրագրի իրագործումը: Ասոցացման համաձայնագիրը գործի դնելով՝ նրանք կարողացան նախկին ԽՍՀՄ որոշ երկրների ներգրավել եվրոպական տնտեսական տարածք, սակայն խնդիրն ամբողջությամբ չլուծվեց:

Հայկական գործոնը Մակինդերի կոնցեպցիայում

Հարավային Կովկասը չափազանց կարևոր է «Ներքին կիսագնդում» ուժերի բալանսի փոփոխման համար, ինչպես նաև՝ «Արտաքին կիսագնդին» (Հյուսիսային Աֆրիկա) տիրելու լավագույն միջանցքներից է: Բացի այդ, հարավկովկասյան տարածաշրջանը նաև ռուսական էքսպանսիայի կանխարգելման պատվար է՝ դեպի Մերձավոր Արևելք ու Միջին Ասիա ուղղություններով: Սակայն, Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալուց հետո, ենթարկվելով բիֆուրկացիայի, մեր տարածաշրջանը կորցնում է աշխարհաքաղաքական վերը նշված սկզբունքները կյանքի կոչելու արդյունավետությունը: Վաշինգտոնն ու Բրյուսելը գերազանց հասկանում են, որ Հարավային Կովկասում դերակատարում ունենալու համար բոլոր երեք երկրներին պետք է ներգրավել մեկ ծրագրի մեջ, և, առանց Հայաստանի, տարածաշրջանը չի կարող աշխարհաքաղաքական կանոնների մեթոդական կիրառմամբ ծառայել Արևմուտքի շահերին: Բնական է, որ պետք է մշակել նոր մոտեցումներ, այնպիսի քաղաքական հաշվարկներով, որ Հայաստանը դուրս բերվի Ռուսաստանի ազդեցությունից՝ թեկուզ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ: Եվ դա պետք է արվի մշակութային ու արժեբանական տեսանկյունից: Արևելյան գործընկերությունը, որը շեշտը դնում է նաև արժեհամակարգերի մոտարկման վրա, Արևմուտքի ստրատեգիական մոտեցումն է՝ առաջ քաշելով հիպոթեզ, համաձայն որի՝ ժամանակի ընթացքում արժեքները կարող են ազդել ու փոխել քաղաքական ընկալումները, դրանք ազդում են շահերի վրա, իսկ շահերը՝ որդեգրած ուղղությունների:

Այս նկատառումներով՝ Լեհաստանն ու Շվեդիան, որոնք նախաձեռնել են ԱլԳ ծրագիրը, սկսել են նոր մոտեցումներ մտցնել ծրագրում և այն գործարկել՝ նոր իրողությունները հաշվի առնելով: Պատահական չէ, որ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին հայտարարեց, որ նպատակ ունեն իրականացնելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ ավելացնելով, որ ԱլԳ-ն գործի է դրվում նոր մոտեցմամբ, յուրաքանչյուր երկրի ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Դեսպանն իր խոսքերը փաստարկեց նաև մշակութային անալոգիայով: Այսինքն՝ Նովակովսկին ընդգծեց հարաբերությունների համար կարևորագույն բաղադրիչը՝ մշակույթների ու մտածողության նմանությունը: Եթե նախկինում մոտեցումն առավելապես ընդհանրական էր, ապա այժմ՝ անհատական, իսկ Հայաստանի մասով՝ քաղաքական ու մշակութային խորը մոտեցմամբ: Սա հաստատումն է այն բանի, որ Արևմուտքն սկսել է լրջորեն զբաղվել այս խնդրով և չի հրաժարվել Հարավային Կովկասից՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանը:

Կրեմլում այս ամենին չեն կարող չհետևել, և դա հասկանում են Բրյուսելում, այդ իսկ պատճառով էլ փոփոխություն է նկատվում ոչ միայն ծրագրի բովանդակության մասով, այլև այդ ծրագրի ռեալիզացմանն ուղղված դիվանագիտության մեջ՝ դատելով Եվրոպայից եկող հայտարարություններից: Հիշյալ փոփոխություններն ուղղված են Ռուսաստանին և բովանդակում են առավել կառուցողական գործընկերային շղարշ, որպեսզի նվազեցնեն վերջինի կոշտ հակազդեցությունը: Հասկացնելով, թե ԱլԳ-ն ուղղված չէ ՌԴ դեմ, իսկ բևեռների դարաշրջանն էլ ավարտված է:

Ինչպես նշեցինք, Հարավային Կովկասը կարևոր աշխարհաքաղաքական կենտրոն է, այն նաև յուրօրինակ միջանցք ու կոմունիկացիոն ուղի է՝ տարբեր կենտրոններ ներթափանցելու համար: Ուստի, այս հանգամանքը բարձրացնում է Հայաստանի դերակատարությունը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ: Եվրոպայի ուշադրությունը լիովին տրամաբանական է, որը դեռ Հայաստանում շատ ծրագրեր կփորձի իրականացնել, բայց դա կանի ՀՀ-ՌԴ-ԵՄ համագործակցության ֆոնի ապահովմամբ, որպեսզի նվազեցվեն ռիսկերն, ու խթանվեն արևմտյան գաղափարների կիրառման հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել