Ռուսերեն չիմանալը վտանգավոր է Հայաստանում: Ինչպես նաև վտանգավոր է համաշխարհային ինֆորմացիան կրող որևէ լեզու չիմանալը: Ի նկատի ունեմ` եթե չլինեն «մեծ» լեզուները, փոքր լեզուների կրողները չեն կարող լիարժեքորեն ներգրավվել համաշխարհային մշակույթին:

Իսկ մեզ մոտ այդպիսի մի կոնֆլիկտ է ձևավորվում: 
Այլևս կա մի սերունդ, որը չի տիրապետում այդ մեծ լեզուներից  «ավանդականին»` ռուսերենին, և չի էլ տիրապետում այլ մեծ լեզվի, իսկ լավագույն դեպքում, տիրապետում է, ասենք, անգլերենի, բայց ոչ այն աստիճան, որ կարողանա հենց առաջին ձեռքից որակյալ գրականություն ստանալ, տեղեկատվություն: Կան, իհարկե, անգլերենի կատարյալ իմացողներ, բայց խոսքս հիմա այդ երջանիկների մասին չէ: 
Վերը նկարագրածս սերունդն ունի անչափ տաղանդավոր և կոլորիտային ներկայացուցիչներ, որոնց հետ, սակայն, մենք` որ ընդամենը 4-5 տարի ենք մեծ, հաճախ կոնֆլիկտային վիճակում ենք հայտնվում: Օրինակ` ութսունականներին ծնված, ռուսերեն իմացող և հետևաբար` սովետառուսական մշակույթի խոշոր չափաբաժին կրող մեկը կարող է հավեսով մեջբերում անել ինչ-որ ռուսական մուլտից, ասենք` и то и другое, и можно без хлеба: Իսկ այդ նոր սերնդի թեկուզ և կիրթ ու դաստիարակված ներկայացուցիչը լավագույն դեպքում կճպճպացնի աչքերը, վատագույն դեպքում` կպահանջի հայերեն խոսել կամ իրեն թարգմանիչ տրամադրել և շատ էլ հնարավոր է, որ կդիմի ԱՄՆ դեսպանատուն` քաղաքական ապաստարան ստանալու համար: և ահավորն այստեղ այն է, որ նշված ինդիվիդը չի կարող քեզ նմանատիպ որևէ մեջբերմամբ զարմացնել այլ լեզվով կամ այլ մուլտից: Կրկնում եմ` խոսքս նաև անգլերեն չիմացողների մասին է: Ամերիկա, Անգլիա, անգլերեն, անգլիական թեյ: Հնդկական: Չէ, այնուամենայնիվ` բաժակիս մեջի այս հեղուկն իսկական կամուրջներ է ստեղծում քաղաքակրթությունների միջև: Դե բրիջ օֆ սիվիլիզեյշնս, այո:
Բայց վերադառնանք վտանգներին:
Նշածս մուլտֆիլմային-աշխարհընկալային-մենտալիտետաստեղծ-մշակութային անջրպետը դեռ ողջ վտանգը չէ: Վտանգն ավելի լուրջ է և նյութական:
Ցավոք, հնարավոր չէ որևէ մասնագիտության բնագավառում լուրջ մասնագետ դառնալ միայն հայերենի կամ որևէ այլ` մեկ լեզվի իմացությամբ: Սակայն, այնուամենայնիվ` առավելևս հայերենի դեպքում դա շատ քիչ է հավանական: Քանի՞ մասնագիտական գրքեր կան ցանկացած առարկայի վերաբերյալ, ու քանի՞սը, օրինակ, ռուսերենով: Իսկ մեր այդքան սիրելի կրտեր սերունդն իր կրթությունը ստիպված է լինում ստանալ միայն հայերենով, լինել շատ գրագետ հայախոս մարդ, բայց, ավաղ, շատ փոքր գիտելիքներով... Ու դա է նաև հիշատակածս կոնֆլիկտի բաղկացուցիչ մասերից մեկը` կա որակավորումների լուրջ տարբերություն ռուսերեն կամ այլ լեզու իմացողների և չիմացողների միջև: Այնպես որ` ոմանց նացիոնալիզմը մի կողմ դրած,  պետք է սովորել և տիրապետել այլ լեզուների, իսկ եթե հանգամանքների բերումով ամենահեշտ յուրացվող լեզուն ռուսերենն է, չարժե դա անտեսել ի հեճուկս քաղաքական կարծրատիպերի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել