geneology

Հրապարակվեց Հայաստանի այս տարվա երգը Եվրատեսիլ երգի մրցույթում: Անկեղծ ասած՝ դա մի երգ է, որը չեմ լսի մեքենայում, հանգստանալուց, ուրախանալուց և նույնիսկ տխրելուց, առհասարակ չեմ լսի մտադրված: Ես հասկանում եմ, որ միայնակ չեմ այս հարցում, սակայն չեմ շտապում ցեխ նետել ոչ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և ոչ էլ խոսքերի հեղինակի վրա, որքան էլ մեծ էր դրա ցանկությունը երգը լսելուց հետո: Արդեն նշել էի, որ իմ սպասելիքները մեծ չէին այս տարվա մեր երգից: Եվրատեսիլում կան հստակ կանոններ, որոնցից հիմնականներն են՝

1. Երգի տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն:

2. Երգը չի կարող պարունակել քաղաքական ենթատեքստ:

Այս սահմանափակումների հետ միասին Արմեն Մարտիրոսյանի առաջ կար դրված հավելյալ մարտահրավեր՝ ստեղծել լավ երաժշտություն, տեղավորել 3 րոպեում 6 իրարից տարբերվող արտիստների այնպես, որ չստեղծվի քաոս: Իսկ խոսքերի հեղինակի առաջ դրված էր խնդիր՝  «Մի Ժխտիր» իմպերատիվ վերնագրի ներքո մոգոնել ապաքաղաքական տեքստ՝ քաղաքական ենթատեքստով: Նրանք չկարողացան հրաշք գործել և ստացվեց այն, ինչ ստացվեց: Ինչպես ասում են՝ կույսը չի կարող համ հաճույք ստանալ, համ էլ կույս մնալ: Հաղթական/մնայուն երգ այսպիսի ֆորմատով պարզապես անհնար էր ստեղծել:

Չգիտեմ՝ ինչ են ծխում Հանրայինում (կամ այն անձինք, ովքեր կայացնում են Եվրատեսիլի շուրջ որոշումներ), սակայն այս ոչ քաղաքական մրցույթում մենք չափից դուրս քաղաքականացված ենք: 2010-ին Հայաստանը հանդես եկավ «Ծիրանի Կորիզ» երգով, որն իր մեջ ներառում էր արդեն բոլոր այն մեսիջները, որ մենք ուզում ենք հրամցնել Don’t Deny երգով: Ի դեպ, պարունակում էր շատ ավելի խորը և գրագետ իմաստ: Դորիանսն էլ գնաց ու երգեց Lonely Planet ծիծաղելու աստիճան ճղճիմ անգլերեն խոսքերով միջակ երգը՝ հերթական անգամ մաղթելով աշխարհին խաղաղություն և միասնականություն:

Շարքային Ալբանացին, ռումինացին կամ բրիտանացին, լսելով այս երգը, ոչ մի բան չի հասկանալու և նույնիսկ չի փորձելու հասկանալ դրա ենթատեքստը: Նա քմծիծաղով լսելու է մի քաոսային ստեղծագործություն՝ սպասելով իրեն հոգեհարազատ այլ կատարման: Մենք կանեինք նույնը, եթե, դիցուք, Ալբանիան ընտրեր մեզ համար անհասկանալի ստեղծագործություն, որն իրենց համար կպարունակեր մեծ ռազմահայրենասիրական կամ պահանջատիրական խորագիր:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Իտալիան և Էստոնիան, ունեն հիանալի երգի ընտրության մեխանիզմ՝ ազգային երգի մրցանակաբաշխություններ (Melodifestivalen, San Remo, Eseti Laul), որտեղ հանրությունը/ժյուրին/միջազգային ժյուրին ընտրում են երկրի եվրատեսիլյան երգերը: Հատկանշական է, որ Շվեդիայում և Իտալիայում Melodifestivalen-ին և San Remo-ին հետևում են ավելի շատ հեռուստադիտողներ, քան բուն Եվրատեսիլը: Ցավալի է, որ Հանրայինը չի ցանկանում ստեղծել այդպիսի երգի ընտրության մի ֆորմատ և մրցանակաբաշխություն, որը կխթաներ նաև ոչ ռեստորանային երաժշտության ստեղծմանը մեր երկրում և մրցակցությանը: Մրցակցությունն էլ ստեղծում է որակ: Ժամանակն է, որ Հանրայինը վերջ տա ներքին ընտրությանը և ստեղծի երգի ընտրության ավելի օպտիմալ և ժողովրդավարական մեխանիզմ:

Հիանալի ֆորմատ կլիներ «Երգահանների Մենամարտը», որտեղ կմրցեին հրավիրված 5-6 ժամանակակից երաժշտության կոմպոզիտորներ ( Օր.՝  DerHova-ն, Գիսանե Պալյանը, Գարիկ Պապոյանը, Վահրամ Պետրոսյանը, նույն ինքը Արմեն Մարտիրոսյանը, Մարտին Միրզոյանը…): Երգահաները կմրցեին իրենց նախընտրած երգիչ երգչուհիների համար գրված երգերով և թեմատիկ երգերով:

Ամեն դեպքում մաղթում եմ հաջողություն մեր մասնակիցներին և հուսով եմ, որ սա մեր վերջին՝ օտարի համար անհասկանալի խորիմաստ երգն է Եվրատեսիլում, որի ենթատեքստը հասկանալի է միայն մեզ համար:

Հետգրություն.

Ըստ իս, մեր լավագույն մեսիջը Եվրատեսիլում Ցեղասպանության հարյուրամյակին կլիներ մեր հաղթանակը՝ թեկուզ առանց ենթատեքստի երգով: Սակայն Հանրայինը նախընտրեց ավելի հեշտ՝ ռազմահայրենասիական/բարոյական մեսիջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել