Խորհրդարանական երեք ուժերի դաշինքից հետո` թեժ աշնան նախաշեմին, ԲՀԿ-ականները սկսել էին նոր գործընթաց:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը հիմնում էր նոր միություն, որը այսպես ասած «անկախ կառույց» էր մեկ այլ կառույցի հովանու ներքո: Խոսքս «Երդվյալ Ազատամարտիկներ» միության մասին է: Այսինքն, եթե ավելի կոնկրետացնենք` ձևավորվեց հատուկ քաղաքական խնդիր լուծող, կոնկրետ քաղաքական ուժի կողմից ֆինանսավորվող կառույց, որը իր մեջ ընդգրկում էր մի շարք ազատամարտիկների:

Բնականաբար, կառույցի ստեղծման օրերին, դաշտում քննարկումների սեղանին դրվեց հենց «Երդվյալ Ազատամարտիկների» քաղաքական աղբյուրներից ֆինանսավորվելու ու քաղաքական խնդիր լուծելու թեման: Այնուամենյանիվ, Գևորգյանը այս պնդման հետ համաձայն չէր: Վերջինս հավատացնում էր, որ կառույցը չի հետապնդում ոչ մի քաղաքական խնդիր, առավել ևս, Գևորգյանը պնդում էր, որ «Երդվյալ Ազատամարտիկների Միությունը» չի ֆինանասավորվում ԲՀԿ-ի, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի կողմից:
Բայց պետք է նշենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու իր նախկին ղեկավարին այդքան մոտ կանգնելը թերևս խոսում էր բոլորովին հակառակի մասին:

Ծառուկյանը հեռացավ մեծ քաղաքականությունից, և ո՞ւր է այժմ Գևորգյանը: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանից հետո Գևորգյանը փակագծից դուրս է մնացել:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ վերոնշյալ կառույցը գործում էր նախկին ԲՀԿ-ի ֆինանսավորմամբ և չէր հանդիսանում ապաքաղաքական կառույց: Ինչ խոսք, ցավալի է տեսնել նմանատիպ ազատամարտիկներ:
Հանուն արդարության պետք է նշենք, որ «ազատամարտիկներ» հասկացությունը և դե յուրե, և դե ֆակտո պետք է գործի քաղաքական գործընթացներից ու խաղերից բավականին հեռու: Ամբողջ աշխարհում, քաղաքական դաշտում նորմալ երևույթ է, երբ կուսակցություններից կուսակցություններ են թռչկոտում, փոփոխում են իրենց քաղաքական կուրսը և այլն և այլն: Սակայն ինչո՞ւ եք ազատամարտիկների ինստիտուտը դարձնում նման գործընթացների զոհ և ծառայեցնում ձեր իսկ նեղ անձնական խնդիրների լուծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել