Վերջին շրջանում քաղաքում անհանգիստ է: Ու ոչ միայն քաղաքում, այլ երկրում` ընդհանրապես: Փողոցներում մարդկանց կրակում են, սպանում, բռնաբարում ևկողոպտում են: Ու ոչ միայն մարդկանց: Նաև` արձաններին:
Հայաստանում արձանները վտանգված են:
Հայաստանում, ամենայն հավանականությամբ, կա արձանների հանդեպ թուլություն տածող ինչ-որ խմբավորում, 
որն ամեն հարմար պահ օգտագործում է` արձանները կողոպտելու, խոշտանգելու, հոշոտելու և... բռնաբարելու համար:
Արձանների նկատմամբ իրականացված հարձակումները ես մի պահ ուզեցի բացատրել դեմոգրաֆիկ ճգնաժամով: Այսինքն` մարդիկ այնքան են քչացել, որ գողերը, հանցագործները, այլև չունենալով բավականաչափ «աշխատանք», հարձակվում են արձանների վրա: Իսկ որոշ արձանների, չգտնելով այլ` բնական և կանացի տարբերակ, բռնաբարում են:
Սակայն իրականությունը հեչ էլ այդպես չէ: Հանցագործները հասցնում են և մարդկանց վնաս տալ, և արձաններին: և այս երկրում այլևս անվտանգ չէ ոչ արձանների համար, ոչ էլ մարդկանց: Կբռնեն, կսպանեն, կթալանեն ու նաև` կբռնաբարեն: Ու չեն էլ ուշադրություն դարձնի, որ դուք, օրինակ, արձան եք կամ մշակութային արժեք:
և իրոք, լուրջ եմ ասում: Մենք ախր գիտենք ամենի մի մասը միայն: Իսկ ինչպե՞ս համոզված լինենք, որ ոչ մեկ գիշերվա ընթացքում չի խոշտանգում, օրինակ,... Մայր Հայրենիքը:
Այս ամենի մասին մտածելիս ես մի պահ սառեցի` թեյը ձեռքս պահած: Ինձ թվաց, որ արձանանում եմ, բայց բախտս բերեց: Լուսամուտից այն կողմ` հենց լվացքի պարանի վրա նստեց Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը: Ես բարեհաջող շարժվեցի և ալյումինե գդալով խառնեցի թեյս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել