Պատերազմն ունի ամեն ինչ իրար խառնելու զզվելի հատկություն, սեփական երջանկությունը կառուցելու փառահեղ ծրագրերն ու երազանքները, առօրյա հոգսերն ու փոքրիկ ուրախությունները, այն ամենը, որ այդքան հրապուրիչ է դարձնում մարդկային կյանքը միանգամից արժեզրկվում, մոխրանում են պատերազմի վառոդաբույր խորշակի առաջին իսկ հպումից՝ թողնելով մի ամայի տարածք, ուր շոշափելի արժեք են ստանում միայն սովորաբար անձև թվացող կյանքն ու մահը:
1994 թվականի հունվարին Ղարաբաղում իրար էին խառնվել նաև տարվա եղանակները: Վաղ գարնան կամ ուշ աշնան բոլոր հատկանիշներով օժտված ձմեռն այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ, միմյանց հաջորդող արևոտ օրերն ու օդում թևածող անորոշ, բայց և արբեցնող բույրերը մի յուրօրինակ անհանգստությամբ էին պարուրել նաև հորս հոգին, ով ոչ մի արգելքի հետ հաշվի չնստող ղարաբաղցու բնորոշ համառությամբ որոշել էր, որ պիտի գնանք գյուղի իր հայրական տան բակում անցած ամառվանից փայտե հաստլիկ տակառում մեզ սպասող թթից օղի քաշելու:
Այդ ծանր օրերին սեփական անիվներ ուներ միայն հակառակորդին մեր երկրից քշող բանակը, նույնիսկ Ստեփանակերտից ոչ այնքան հեռու գտնվող մեր գյուղը հասնելը թվում էր որևէ զինվորական բեռնատարի բարեսիրտ վարորդի ու նրան ճիշտ այդ ճամփով ուղարկած բախտի փոխադարձ հարաբերություններով պայմանավորված բավականին մշուշոտ մի հեռանկար:
Պատերազմի տարիներին յուրաքանչյուր արցախցու հետ թևանցուկ քայլող մահը՝ մարդկության այդ ոխերիմ թշնամին ու մեծ բարերարը, մի սուր, հոգին արյունոտելու չափ սուր հմայք էր հաղորում կյանքի ամեն վայրկյանին. ճանապարհամերձ ծառերի մերկ ճյուղերի հետ սեթևեթող արևի չարաճճի ճառագայթները, ձմեռվա անսպասելի նվերից ուրախացած թռչնակների ծլվլոցը ու Նորագյուղի հովիտը շրջապատած լեռների անտառոտ լանջերին ամուր փարված լռությունը պարզապես գեղեցիկ էին, անչափ գեղեցիկ, իսկ մինչ հորիզոն փռված երկարուձիգ ճամփան խոստանում էր շռայլորեն պարգևել այդ ամենը զգալու այսօրվա կյանքի խելահեղ ռիթմում այնքան պակասող ժամանակը:
Հիշում եմ պապիս տան շեմքից ոտք դնելուն պես հոգիս այսօր էլ նույն ուժգնությամբ պարուրելու ունակ խորհրդավորությունը, տան ամեն անկյունում կարծես թե թաքնված ու անկյուններից ծիկրակող իմ մանկական հեքիաթների հերոսներին, իմ պատանեկան երազանքներն առաջնորդող Ջեք Լոնդոնի դարակում պատվո պահակախմբի կարգապահությամբ շարված հատորները:
Հիշում եմ մեր երկարատև հերթապահությունը իր պղնձե ընդերքից օղու թանկագին կաթիլները ողորմություն տալ ստիպված ժլատի դժկամությամբ բաց թողնող օղեթոր սարքի մոտ, պապիկիս հնձանում հայտաբերած գինու չգիտես թե քանի տարեկան շիշը ու նրա՝ արագորեն մեր բաժակներում հայտնված պարունակության անկրկնելի տտիպ համը: Հիշում եմ մեր անհանգիստ քունը, որն ընդհատվեց այն բարձր ձայնից, երբ թվում է, թե երկնքում երկաթե տակառ են գլորում, իսկ դա մահն էր՝ արծաթագույն մետաղյա թռչունի տեսքով գնում կիսատ թողնելու հերթական մեկի երազանքը, խլելու մեկի ոտքը և փլատակների տակ իր բոլոր սիրելիներին կորցրած մյուսի հոգին…
Հիշում եմ մեր տագնապը Ստեփանակերտում մնացած մայրիկիս ու քույրերիս համար և այն ոչնչի հետ չհամեմատվող թեթևությունը,երբ քաղաքից մի անանուն մարդու հետ առավոտյան եկած լուրը հաստատեց, որ մեր թաղամասի վրա ադրբեջանական ավիառումբերը չեն ընկել:
Այդ տարի մեր քաշած թթի օղին տխրության համ ուներ….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել